Թուրքական «Taraf» թերթի նոր խմբագիրը հայ է
Թուրքական «Թարաֆ» (Taraf) թերթի խմբագրակազմը հայտարարություն է տարածել այն մասին, որ թերթի գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանը և տեղակալ Յասեմին Չոնգարը հրաժարական են տվել: Գլխավոր խմբագրի պաշտոնակատարը ժամանակավորապես լինելու է «Taraf»-ի հրատարակության համակարգող Մարգար Եսայանը:
Հայտարարության մեջ ասված է նաև, որ թերթի տեղեկատվական գործունեության և կադրային քաղաքականության մեջ որևէ սկզբունքային փոփոխություն չի սպասվում:
Նշենք, որ Մարգար Եսայանը ծնվել է 1969թ. Ստամբուլում: Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլի «Բիլգի» (Bilgi) համալսարանի մշակույթի բաժնում: 1997-ից սկսել է թղթակցել Հրանտ Դինքի հիմնադրած «Ակոս» երկլեզու շաբաթաթերթին: Այնուհետև եղել է հեղիանակային «Նեղ դուռ» խորագրի սյունակագիրը: Մարգար Եսայանը հեղինակել է նաև արձակ գործեր գրականության ասպարեզում: Նրա առաջին վեպը` «Ներկայիս նեղլիկ սենյակը», արժանացել է «Ինքլափ» (İnkılâp) հրատարակչատան մեծ մրցանակին: