Արշակ Սադոյան. Հայաստանի ողջ տարածքը պետք է ապահովել Wi-Fi-ով
«Ազգային համագործակցություն» հիմնադրամը ՀՀ Հանրային խորհրդի հետ համատեղ նախատեսում է ձևավորել համագործակցության, փոխօգնության ազգային կառույց, որի նպատակն է հեռահողորդակցության ոլորտում ստեղծել նպաստավոր պայմաններ: Այս մասին ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը՝ այսօր Հանրային խորհրդի Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի, «Ազգային համագործակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ժամանակ:
«Ողջ հայ ժողովուրդը՝ անկախ սեռից, տարիքից ու բնակության վայրից, պետք է համակարգչային հմտություններ ունենա ու կարողություն՝ համացանցից օգտվելու համար»,- ասաց Ա.Սադոյանը և հավելեց. «Անձամբ ես՝ իմ կաշվի վրա եմ զգացել, թե համացանցից օգտվելու հետ կապված ինչ բան է տարիքային բարդությունը»:
Նրա խոսքերով՝ իրենց նպատակն է առաջիկա տարվա ընթացքում գործնականում ՀՀ ողջ տարածքն անվճար ապահովել Wi-Fi-ով, ժամանակակից (սմարթֆոն տիպի) հեռախոսների և դյուրակիր համակարգիչների ներկրումն ու վաճառքը ՀՀ-ում ազատել ավելացված արժեքի հարկից, ինչպես նաև հանրապետությունում ապահովել IP տեսաձայնային հեռակապին անցնելու հնարավորություն: «Այսքան մեծ սփյուռք ունեցող հայ ժողովուրդը պետք է կարողանա մատչելի գին ունեցող համացանցից ու IP հեռախոսակապից օգտվել: Առնվազն 5 անգամով պետք է էժանանան հեռախոսային խոսակցությունների գները»,- ասաց նա:
Ա.Սադոյանը նշեց, որ ժամանակի մեջ ցավոք սրտի նորից շարունակում են հետ ընկնել, ամբողջ աշխարհն անցնում է մոբիլ կամ դյուրակիր համակարգիչների, ուստի
պետք է միանգամից թռիչքաձև քայլ անել, պայմաններ ստեղծել, որպեսզի գոնե դյուրակիր սարքերից օգտվելու հարցում Հայաստանում հասնեն նորմալ վիճակի:
Նա նաև նշեց, որ իրենց ցանկությունն է՝ Հայաստանի տարածքը ծածկվել անվճար WI-FI ինտերնետ կապով: «Օրինակ՝ Թբիլիսին ամբողջությամբ ծածված է WI-FI-ով: Մեր առջև խնդիր է դրված անվճար WI-FI հասանելիության կետեր ունենալ Հայաստանի ամբողջ տարածքում: Շատ հնարավոր է, որ շենքերի բակերում տեղադրված տաղավարներում մարդիկ հնարավորություն ունենան օգտվել անվճար WI FI-ից»,- նշեց նա: