ՀԱՊԿ Խորհուրդը կքննարկի Ուզբեկստանի հարցը
Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստում ի թիվս այլ հարցերի այսօր կքննարկվի Կազմակերպության կազմում Ուզբեկստանի գործունեության հարցը: Այս մասին Մոսկվայից հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը:
Վերը նշվածից բացի Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկվեն կազմակերպության ռազմական բաղադրիչի, արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքելու համակարգի հետ կապված հարցեր:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ խորհրդի մոսկովյան նիստին մասնակցելու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք: Նիստի աշխատանքներին կմասնակցեն նաև կազմակերպության անդամ մյուս երկրների ղեկավարները. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նախատեսվում է, որ ՀԱՊԿ խորհրդի նիստի ընթացքում վերջիններս կքննարկեն միջազգային իրադրության միտումների, հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման, մինչև 2020 թվականը ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, ճգնաժամային իրավիճակներին համատեղ արձագանքելու ուղղությունների, միջնաժամկետ հատվածում Աֆղանստանում իրավիճակի զարգացման հետ կապված հարցեր: Նախատեսվում է, որ Խորհուրդը քննության կառնի նաև Ուզբեկստանի ուղերձը՝ ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիս ամսին Ուզբեկստանը հայտարարել էր ՀԱՊԿ-ում իր գործունեությունը դադարեցնելու մասին և համապատասխան նոտա էր հղել ՀԱՊԿ քարտուղարություն: Ընթացակարգի համաձայն այդ ուղերձը պետք է քննարկվի և համապատասխան որոշում ընդունվի կազմակերպության խորհրդի կողմից:
Այսօր կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված հարցերից է նաև Ղրղզստանի հայտարարությունը, որի ընթացքում հաջորդ տարի կազմակերպության նախագահությունը ստանձնող ղրղզական կողմը կխոսի իր գործունեության առաջնահերթ ուղղությունների մասին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀԱՊԿ խորհրդի նիստի աշխատանքներից բացի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկկողմ հանդիպում կունենա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները