Ինչու՞ Ահմադինեժադը չեղյալ հայտարարեց Թուրքիա նախատեսված այցը. Էրդողանի արձագանքը
«Մենք Իրանի նախագահին հրավիրել ենք, հրավերքի ընդունել կամ մերժելը նրա գործն է»:
Այդ մասին իրանական «շաֆաֆ.իռ» կայքի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից Թուրքիա նախատեսված այցը չեղյալ հայտարարելու փաստին:
Էրդողանը հավելել է, թե Ահմադինեժադի՝ Թուրքիա նախատեսված այցի չեղյալ հայտարարելը կապված չէ թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռային համակարգերի տեղակայման հետ:
Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադիի՝ «Պատրիոտ» համակարգերի տեղակայման առնչությամբ արած հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Դա նրա մշտական գործն է: Նա հաճախ է նման հայտարարություններ անում»:
ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին, օրերս անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրիթային համակարգի տեղակայման մասին ՆԱՏՕ-ի որոշմանը, մասնավորապես նշել էր. ««Պատրիոտ» հրթիռները տեղակայվում են Իրանի հրթիռային համակարգերի նկատմամբ ունեցած անհանգստությունից, ինչպես նաև Ռուսաստանի կողմից՝ Սիրիային ցուցաբերելիք հնարավոր աջակցությունից անհանգստանալուց»:
Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Ահմադ Վահիդին նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը, այն հարցին, թե թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռային համակարգերի տեղակայումը արդյո ՞ ք սպառնում է Իրանին, մասնավորապես պատասխանել է. «Մենք միշտ հայտարարել ենք, որ դեմ ենք տարածաշրջանում արտաքին ռազմական ներկայությանը, այն չի բխում տարածաշրջանի մուսուլմանների շահերից»:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ) հոգևոր առաջնորդի ներկայացուցչի գլխավոր խորհրդական, գեներալ Յադոլլահ Ջավանին «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռային համակարգի տեղակայման առնչությամբ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին ուղղված դիմումին, մասնավորապես նշել էր. «Թուրք-սիրիական հրթիռային համակարգերի տեղակայմամբ Թուրքիան Սիրիայում ռազմական միջամտության համար հող է նախապատրաստում: Սակայն Անկարան պետք գիտակցի, որ ռազմավարական սխալ է գործում և մեծ վնասներ կկրի»:
Իսկ ավելի վաղ ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի՝ Սիրիա, Լիբանան և Թուրքիա կատարած տարածաշրջանային այցին, մասնավորապես նշել էր. «Իրանի Մեջլիսի նախագահը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նպատակ է ունեցել թուրք պաշտոնյաներին հասկացնել, որ Սիրիայի հարցում նրանք սխալ քաղաքականություն են վարում: Բացի այդ, թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռային համակարգի տեղակայման, ինչպես նաև Անկարայի՝ Սիրիայի ընդդիմադիրներին աջակցելու առնչությամբ ևս Ալի Լարիջանին Էրդողանին լուրջ նախազգուշացրել է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա