Գարեգին Նուշիկյանն ընդդեմ ՀՀԿ-ի
«Առավոտը» գրում է. «ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը դեկտեմբերի 6-ի քվեարկության ժամանակ «կողմ» է քվեարկել «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ներկայացրած հակամենաշնորհային գործունեության մասին օրենքի նախագծին»:
«Որովհետև ես դեմ եմ մոնոպոլիաներին, մենաշնորհներին: Իր նախընտրական ծրագրում նախագահ Սերժ Սարգսյանն էլ ասաց դրա մասին, որ ինչքան շուտ վերանան մեզ մոտ մոնոպոլիաները, այնքան մեր տնտեսությունն առավել առաջընթաց կզարգանա»,- թերթի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավորը:
Թերթը հիշեցնում է, որ այդ նախագիծը չընդունվեց, քանի որ հենց նախագահի քաղաքական թիմը` ՀՀԿ-ն և կոալիցիոն ՕԵԿ-ը` 61 պատգամավոր, «դեմ» քվեարկեցին: Իսկ ՀԱԿ-ի ներկայացրած նախագծին «կողմ» լինելը ՀՀԿ-ական գործընկերների կողմից բացասաբար չի անդրադարձել Գ. Նուշիկյանի վրա: «Քվեարկություններից առաջ մենք չենք պայմանավորվում` նոր քվեարկում, եթե չկա քաղաքական հարց»,- բացատրել է Նուշիկյանը: