Խոհարար. Հնում հայերը ամանորյա սեղանին խոզի բդի փոխարեն դրել են հնդկահավ կամ հավ
Ամանորյա սեղանին խոզի բդի փոխարեն հնում հայերը դրել են հավ կամ հնդկահավ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի «Կուչինա» ռեստորանի ավագ խոհարար Ամալյա Մովսիսյանը` հավելելով, որ սեղաններին գերիշխել են նաև տարբեր տիպի պասուց տոլմաները, ավանդական տոլման, շատ մրգեղեն, չրեղեն, իսկ սեղանի զարդը եղել է ավանդական տարեհացը։
«Տարեհացը՝ միջինգով, երբ ամբողջ գերդաստանով հավաքվել են, և ում ընկել է միջի հատիկը, հենց նրանից են հաջորդ տարում հաջողություն ակնկալել»,- ասաց բանախոսը` հավելելով, որ այսօր շատ քիչ ընտանիքներում է տարեհաց դրվում, սակայն դա շատ գեղեցիկ ավանդույթ է և այն իր մեջ խորհուրդ ունի:
Ա.Մովսիսիյանի խոսքերով` հայերը ամանորյա սեղանը զարդարել են նաև իրենց այգու բարիքներով, պաշարած ընդեղենով, բացի այդ չրերից շատ-շատ կերակրատեսակներ են պատրաստել: «Ցավոք սրտի, այսօր մենք նախապատվությունը տալիս ենք ոչ ավանդականին, այլ եվրոպականին»,- ընդգծեց նա: