Քրեական հետախուզության երկու օպերլիազոր է ձերբակալվել
Երեկ` ուշ երեկոյան «Հայկական ժամանակը» տեղեկություն է ստացել, որ ՀՀ ոստիկանության Երևանի Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության երկու օպերլիազոր է ձերբակալվել, ինչի պատճառով նույն բաժնի տարբեր վարչությունների մոտ 60 աշխատակիցներ, որպես բողոքի նշան, ազատման դիմումներ են ներկայացրել: Տեղեկությունները ճշտելու համար թերթի թղթակիցը դիմել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին: Ձերբակալության փաստը ճշտելու համար Ահարոնյանը խորհուրդ է տվել դիմել Հատուկ քննչական ծառայություն, իսկ ազատման դիմումների մասով տեղեկությունը հերքել է: Այդուհանդերձ, թերթին հաջողվել է ճշտել ձերբակալվածների անունները` Խաչիկ և Արտակ: