Իրանն ու Ռուսաստանը Սիրիայի հարցով քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Իրանն ու Ռուսաստանը Սիրիայի հարցով քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ ԱԳ՝ արաբական երկրների և Աֆրիկայի հարցերով փոխնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը ՌԴ նախագահի` Մերձավոր Արևելքի հարցով հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է տարածաշրջանին՝ մասնավորապես Սիրիայի ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցեր:
Ըստ իրանական աղբյուրի՝ կողմերը շեշտել են, որ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով, սիրիացիների մասնակցությամբ, առանց արտաքին միջամտության:
Հիշեցնենք, որ ս.թ.դեկտեմբերի 17-ին Իրանը սիրիական ճգնաժամի հաղթահարման 6 կետանոց առաջարկության փաթեթ է ներկայացրել, որտեղ հակամարտող կողմերին առաջարկվում է՝
1. ՄԱԿ-ի վերահսկողության ներքո անհապաղ դադարեցնել զինված բախումները: Այդ փուլում Սիրիայի կառավարությունը և ընդդիմադիր զինված խմբավորումները պետք է բնակելի թաղամասերում վերջ տան զինված բախումներին և երկրում կայունություն ապահովելու նպատակով պետք է համագործակցեն ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ:
2. Զինված բախումները դադարեցնելուց հետո պետք է զինված հակամարտությունից տուժված բնակավայրերի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրել: Այդ առումով պետք է չեղյալ հայտարարել Սիրիայի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցները:
3. Խաղաղության հաստատմանը զուգահեռ Սիրիայի քաղաքական և հասարակական տարբեր խմբերի ներկայացուցիչներ ազգային համաձայնության շուրջ պետք է բանակցություններ վարեն, այդ առնչությամբ պետք է ազգային համաձայնության կոմիտե ստեղծվի: Բանակցությունների արդյունքում պետք է շոշափվի նաև անցումային կառավարություն ստեղծելու հարցը:
Այդ կառավարությունը պետք է ապահովի խորհրդարանական ազատ և մրցակցային ընտրությունների կազմակերպումը:
4. Բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք ձերբակալվել են քաղաքական խաղաղ գործունեության համար, կառավարությունը պետք է նրանց ազատ արձակի:
5. Պետք է դադարեցվի Սիրիայի ներքին իրավիճակի մասին ոչ ճիշտ տեղեկատվության տարածումը: ԶԼՄ-ների կողմից տարածվող տեղեկատվությունը պետք է արտահայտի Սիրիայի ժողովրդի բոլոր հատվածների շահերը:
6. Պետք է ստեղծվի մի կոմիտե, որը կզբաղվի Սիրիայի ենթակառուցվածքների վերականգնման գործով: