Լ. Ալավերդյան. Բազմաթիվ խախտումներ են եղել Մատաղիսի գործի դատավարական գործընթացում
«Համոզված եմ, որ Մատաղիսի գործով մեղադրվող տղաները մեղավոր չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Մատաղիսի գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման վճռին ` նշեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նրա հավաստմամբ, իրավաբանական և դատավարական իրավունքի տեսանկյունից բացմաթիվ խախտումներ են եղել Մատաղիսի գործի դատավարական գործընթացում:
Անդրադառնալով դատարանի որոշման մասին նախկին զինդատախազ, ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանի մեկնաբանությանը, որ գործով մեղադրյալները մարդասպաններ են և պետք է պատժվեն, Լ. Ալավերդյանը նշեց, որ քանի որ այդ գործը հարուցվել է Գ. Ջհանգիրյանի պաշտոնավարման ժամանակ, սպասելի էր, որ նա այդպիսի հայտարարություն պետք է աներ:
«Դա այն գործերից ու սխեմաներից է, որով, իմ խորին համոզմամբ, դատապարտվել են և այսօր ազատազրկման վայրերում են գտնվում սպանությունների հետ որևէ առնչություն չունեցող զինվորներ: Որպես կանոն՝ սխեման այն է, որ սպանվածների ընկերներին են գրեթե միշտ կասկածում և դատում»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Վերջինս չհամաձայնեց այն դիտարկմանը, թե դատարանի այս որոշումը քաղաքական ենթատեքստ ունի և շեշտեց, որ հարկ չկա նսեմացնել իրավաբանական համայնքի ներդրումն ու ջանքերը:
Իր հերթին, ասուլիսին ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը թեմայի վերաբերյալ ընդգծեց, որ անմեղության կանխավարկածը դեռևս որևէ մեկը չի վերացրել, հետևաբար տեղին չէ առանց իրավական փաստարկների համոզված պնդել այս կամ այն մարդու մեղավոր կամ անմեղ լինելը:
«Լինելով ընդամենը գործին ծանոթ, բայց ոչ իրավաբան, ես ինձ իրավունք չեմ վերապահում գնահատելու, առավել ևս համոզված խոսելու: Յուրաքանչյուրը կարող է իր համոզմունքն ունենալ, սակայն վստահ եմ, որ նախ պետք է իրավաբանական բացատրություն տալ, հետո նոր առողջ բանականությամբ պարզել ճշմարտությունը»,- նշեց Մ. Մինասյանը:
Նախորդիվ` Մատաղիսի գործ. ապտակ Ջհանգիրյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան