Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովին նկարելու պատճառով սկանդալ է առաջացել
Ադրբեջանում լուրջ սկանդալ է ծագել այն բանից հետո, երբ ադրբեջանական «Gafgazinfo.az» կայքի աշխատակիցը փորձել է Բաքվի կենտրոնական կլինիկայում լուսանկարել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով անվտանգության երկու աշխատակիցների ուղեկցությամբ այցելել էր հրաժեշտ տալու մահացած ընկերոջը:
Սաֆարովին նկարելու հանգամանքը կատաղեցրել է մարդասպանի եղբորը, ով իմանալով միջադեպի մասին, զանգահարել է կայքի խմբագրություն և անպատվել գլխավոր խմբագրին, վերջինիս անվանելով «լրտես»` միաժամանակ դիմելով Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարություն` «ժողովրդական հերոսին» անհարկի հետապնդելու բողոքով:
Կայքի խմբագիրն, իր հերթին, միջադեպի առնչությամբ իր բողոքն է արտահայտել բաց նամակի տեսքով, որտեղ Սաֆարովի եղբորը մեղադրել է «անդաստիարակության և գռեհիկ պահվածքի» համար:
Դիմելով Ռամիլ Սաֆարովին, խմբագիրը գրել է. «Երբ ձեր պաշտպանությամբ մտահոգ կազմակերպությունները սառեցրել էին իրենց գործունեւոթյունը, մենք չէինք լռում: Երբ ես փորձում էի իմանալ չինովնիկների կարծիքը ձեր մասին, բոլորն հորդորում էին մոռանալ ձեզ»:
«Հավատում եմ, որ Հունգարիայում դու քեզ դրսևորեցիր որպես խիզախ թուրք մարտիկ»,-գրում է լրագրողը և հավելում, թե իր աջակցության և պաշտպանության դիմաց ինքը արժանացել է Ռամիլի ընտանիքի անդամների անբարյացկամ գործողություններին:
Նույն նամակում լրագրողը հիշում է նաև Սաֆարովի ազատ արձակման օրը, երբ նրա տան դիմաց կրկին վերջինիս եղբայրն է գոռացել լրագրողների վրա և բոլորին ցրել: «Ես ասում էի, որ Ռամիլ Սաֆարովը ներկայիս իշխանությունների, մասնավորապես Իլհամ Ալիևի հաղթանակներից մեկն է եղել», - ասվում է նամակում:
«Իմ կայքի աշխատակիցը պատահաբար հանդիպել է քեզ կլինիկայում, հուզմունքից դողացով ձեռքերով հանել է հեռախոսն ու մի քանի նկար արել` ուղարկելով խմբագրություն: Նա որպես լրագրող ուրախություն էր ապրել, քեզ տեսնելով: Մենք կարճ լուր էինք թողարկել, որին և կցվել էին լուսանկարկները, ինչից հետո եղբայրդ զանգահարում է խմբագրություն, ինձ «լրտես» անվանում ու տարաբնույթ վիրավորանքներ հնչեցնում հասցեիս. իբր թե այդ լուրի հրապարակումը սպառնալիք է Սաֆարովի անվտանգությանը», -գրում է գլխավոր խմբագիրը, նշելով, թե իր դաստիարակություն թույլ չի տալիս կրկնել եղբոր բառերը:
Հիշեցնենք, որ 2004 թվականին ՆԱՏՕ-ի շրջանակներում Հունգարիայի Բուտապեշտ մայրաքաղաքում տեղի ունեցող դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել էր: Ռ. Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն վերջերս Հունգարիայի կառավարությունը Ռ. Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, իսկ վերջինս նրան ներում շնորհեց ու բարձրացրեց զինվորական կոչումը:
Ադրբեջանի այս քայլը արժանացավ միջազգային հանրության քննադատությանն ու պարսավանքին:
Հայաստանը, իր հերթին Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուն ի պատասխան, կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: