Հ.Սահակյան. Մ.Սեդրակյանի արարքին պետք է տրվի նաև քաղաքական գնահատական
«Եթե կա այդպիսի փաստ և իսկապես նման բան է եղել, ապա կարծում եմ առաջին հերթին պետք է դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի իրավապահները դրա ճիշտ գնահատականը տան»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի մասնակցությամբ այսօրվա միջադեպը:
Հիշեցնենք, այսօր Ազգային Ժողովում Մ.Սեդրակյանը սպառնացել է «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին, երբ վերջինս հարց տալու համար մոտեցել է պատգամավորին: Մ.Սեդրակյանը, մասնավորապես, ասել է. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:
Հ.Սահակյանը նաև ասաց, որ եթե կա համապատասխան փաստ, ապա պետք չէ կասկածի տակ առնել օրենքը, քանի որ դրան համապատասխան ձևով ընթացք կտրվի:
Պատասխանելով այն հարցին, որ եթե քաղաքացիական հասարակությունը համախմբվի, ապա հնարավո՞ր է, որ նման վարքագիծ որդեգրած պատգամավորը զրկվի պատգամավորական մանդատից, ՀՀԿ-ական գործիչն ասաց.
«Ցավոք սրտի քաղաքացիական հասարակության ակտիվության հիմքում շատ հաճախ նպատակներ են լինում, բայց եթե կա նման արատավոր երևույթ, ապա քաղաքացիական հասարակությունն անմասն չպետք է մնա»:
Իսկ եթե միջադեպի գլխավոր հերոսը, տվյալ դեպքում Մ.Սեդրակյանի փոխարեն մեկ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ լիներ, Հ.Սահակյանի գնահատականը կրկին նույնը կլինե՞ր.
«Ինձ համար բոլորը հավասար են, ոչ մեկի անունը մյուսից առավել չի: Ինչ կապ ունի, թե որ խմբակցության ներկայացուցիչ է, եթե պատգամավոր է ու կա նման բան` պետք է դրան տրվի գնահատական: Նաև քաղաքական գնահատական»,-հավելեց նա: