Սերժ Սարգսյան. Մենք կօգնենք սիրիահայերին՝ թե Հալեպում, թե Երևանում
Սիրիական ճգնաժամի հարցում Հայաստանը հանդես է գալիս արյունահեղությունն անմիջապես դադարեցնելու և խաղաղ կարգավորման հասնելու դիրքերից: Այս մասին ՀԱՊԿ խորհրդի ընդլայնված նիստում ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«ՀԱՊԿ պատասխանատվության տարածքի հարևանությամբ գտնվող տարածաշրջանների իրադարձությունների վերլուծությունը լավատեսական կանխատեսումների հիմքեր չի տալիս: Դա և Աֆղանստանն է, և Իրանի շուրջ լարվածության աճը, և իրավիճակը Սիրիայում»,- Panorama.am-ի թղթակցի հաղորդմամբ, նշել է Սերժ Սարգսյանը:
Խոսելով սիրիական ճգնաժամի մասին` հանրապետության ղեկավարը նշել է, որ «այնտեղ շարունակվող զինված դիմակայությունը ապակայունացնում է ողջ Մերձավոր Արևելքը»:
Անդրադառնալով Հայաստանի հետաքրքրվածությանն այս հարցին՝ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Սիրիայում հայկական մեծ համայնք է ապրում: Նրանք Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունից հրաշքով փրկվածների երեխաներն ու թոռներն են: Տասնյակ հազարավոր հայեր դարձան Սիրիայի հասարակության անբաժանելի մասը՝ իրենց ներդրումն ունենալով այդ երկրի զարգացման ու ամրապնդման գործում: Հայաստան արդեն իսկ ժամանել են վեց հազարից ավելի սիրիահայեր, և մեր կանխատեսումներով, այդ հոսքը կաճի: Մենք կօգնենք Սիրիայի հայերին Հալեպում և Երևանում: Հայաստանը հանդես է գալիս արյունահեղուղությունն անհապաղ դադարեցնելու և սիրիացիների կողմից խաղաղ կարգավորման հասնելու դիրքերից»:
Նախագահը խոսել է նաև Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին և նշել, որ Հայաստանը շարունակում է այդ երկրի հետ ընդլայնել տնտեսական համագործակցությունը:
«Մի քանի շաբաթ առաջ սկսվեց Հայաստանի և Իրանի սահմանի վրա նոր հզոր հիդրոկայանի կառուցումը»,- ՀԱՊԿ գծով դաշնակիցներին տեղեկացրել է ՀՀ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա