Դավիթ Շահնազարյանը «Մատաղիսի» վճռի համար շնորհավորեց Սաքունցին
«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանն այսօր «Հայաստանի եվրոպական հեռանկարները» խորագրով քննարկման ժամանակ մինչ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին ռեպլիկի հնարավորություն տալը, շնորհավորեց նրան ու մյուս իրավապաշտպաններին «Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անմեղ ճանաչեց Մուսա Սերոբյանին, Արայիկ Զալյանին ու Ռազմիկ Սարգսյանին, ովքեր մեղադրվում էին ծառայակից երկու ընկերների սպանության մեջ:
«Հուսով եմ, որ դա իսկապես կլինի մի իրադարձություն, որը կունենա իր շարունակական զարգացումը մեր արդարադատության համակարգում»,-ասաց Շահնազարյանը:
Ա. Սաքունցը խոստովանեց, որ դատարանի որոշումը անսպասելի էր և արտառոց:
Քննարկման մասնակիցներից մեկը նկատեց, թե դատարանի նման որոշումը առկա քաղաքական զարգացումների արդյունք էր: Դ. Շահնազարյանը համաձայնեց, իսկ Սաքունցն ավելացրեց. «2006 թվականին Գագիկ Ջհանգիրյանը զինդատախազ էր, և այդ ժամանակ Վճռաբեկ դատարանի նախագահը որոշում կայացրեց ապացույցները հիմնավոր չճանաչելու մասին, և գործն ուղարկեց լրացուցիչ քննության: Եվ դատավոր Մհեր Խաչիկյանը դա վճարեց պաշտոնով, մարդուն հանեցին: Այսինքն, այս որոշումը եղել է հանրային ու քաղաքացիական մեծ ճնշումների ազդեցության ներքո»:
Հիշեցնենք, որ 2005 թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր էր ճանաչել «Մատաղիսի» զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին նույն զորամասի երկու զինծառայողների սպանության համար և դատապարտել 15 տարվա ազատազրկման։
Զինվորական դատախազությունը (այն ժամանակ զինդատախազը ներկայիս ընդդիմադիր Գագիկ Ջհանգիրյանն էր) բողոքարկել է դատավճիռը՝ միջնորդելով ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։ Ամբաստանյալներն իրենց հերթին բողոքարկել են դատավճիռը՝ հերքելով իրենց մեղսագրվող արարքները և խնդրել են վերանայել գործը։ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006 թ. մայիսի 30-ին Ա. Զալյանին, Ռ. Սարգսյանին և Մ. Սերոբյանին դատապարտել է ցմահ ազատազրկման։
Սպանված զինծառայողներից մեկի` Հովսեփ Մկրտումյանի հայրը` Մովսես Մկրտումյանը, ելնելով գործում առկա բազմաթիվ հակասություններից, ներկայացրել է վճռաբեկ բողոք, որտեղ նշել է, որ գործի քննությունը կատարվել է քրեական դատավարության նորմերի խախտումներով, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության վրա, որի արդյունքում զինծառայողների սպանության իրական կատարողները երկու դատավարությունների ընթացքում չեն մեղադրվել, գտնվել են ազատության մեջ, և նրանց փոխարեն ցմահ ազատազրկման են դատապարտվել երեք անմեղ զինծառայողներ։
2006 թ. դեկտեմբերի 22-ին, սպանությունից մոտ երեք տարի հետո, ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է տուժողի իրավահաջորդի՝ սպանված զինծառայողի հոր ներկայացուցչի բողոքը, բեկանել է Ռ. Սարգսյանի, Մ. Սերոբյանի և Ա. Զալյանի վերաբերյալ դատավճիռները և քրեական գործն ուղարկել նոր նախաքննության։ Այժմ երեք երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Նախօրեին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատարանը անմեղ ճանաչեց երեքին էլ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան