ՃՈ պետի տեղակալ. Տաքսու ղեկին նստում են մարդիկ, որոնք չունեն վարորդական վկայական
2012 թվականի ընթացքում տաքսու վարորդների կողմից արձանագրվել է վարչական խախտման շուրջ 26 հազար դեպք, որոնք կազմում են ընդհանուր խախտումների գրեթե 7 տոկոսը: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը: Ըստ բանախոսի` ճանապարհային ոստիկանությունը չի կարող ամբողջությամբ վերահսկել տաքսիների ոլորտը` հետևել վարորդների կողմից ճանապարհային կանոնների անբասիր կատարմանը, ինչպես նաև վերահսկել մեքենաների տեխնիկական վիճակը, քանի որ, գնդապետի խոսքով` «պաշտոնապես գրանցված է շուրջ 7,5 հազար մեքենա, իսկ շատ տաքսիներ էլ աշխատում են ստվերում»:
«Պետք է պատասխանատվության ենթարկել նաև տաքսի սերվիսներին, որպեսզի վերջիններս ավելի զգոն լինեն և չուղարկեն երթուղի այն վարորդներին, որոնք գտնվում են ոչ սթափ վիճակում, կամ մեքենաները ունեն ինչ որ անսարքություններ», - կարծիք հայտնեց Հայկ Սարգսյանը: Անհատ տաքսիստների հետ կապված` նա առաջարկեց հրատարակել հատուկ գրականություն`ուղեցույցներ, կամ ինտերնետային հատուկ կայք ստեղծել:
ՃՈ պետի տեղակալը նաև մտահոգություն հայտնեց, որ հաճախակի տաքսու ղեկին նստում են մարդիկ, որոնք նույնիսկ չունեն վարորդական վկայական: Նրա գնահատմամբ` տաքսու վարորդների զգոնության հարցում բավականին մեծ առաջընթաց են արձանագրել տեսանկարահանող արագաչափ սարքերը։
Ի պատասխան Panorama.am-ի լրագրողի հարցին, թե որքանով են արդյունավետ հասարակական տրանսպորտի կանգառներում տաքսու մեքենաների կայանման դեմ միջոցները, Հայկ Սարգսյանը նշեց, որ որոշակի դրական առաջընթաց կա: Նա հիշեցրեց, որ սահմանված է 10 հազարի տուգանք, և վարորդները փորձում են նման խախտում թույլ չտալ: Բանախոսը համաձայնվեց նաև դիտարկման հետ, որ որոշ փողոցներում հստակեցված չեն հասարակական տրանսպորտի կանգառների սահմանագծերը, որը ևս հնարավորություն է տալիս տաքսիրների վարորդներին խուսափել պատասխանատվությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները