ՀՀ-ում Ֆրանիսյի դեսպանը Երևանի թիվ 78-րդ դպրոցում էր. «Ֆրանս-հայկական հարաբերությունները ընտանիքի են վերածվել»
«Շատ եմ սիրում երիտասարդ սերունդի ներկայացուցիչների հետ հանդիպել, քանի որ նրանք են այս երկրի ապագան»,- այսպես սկսեց իր խոսքը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն` Երևանի թիվ 78-րդ դպրոցում աշակերտների հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ հանդիպումը կայացավ «Ճանաչիր աշխարհի երկրները և մշակույթները» ծրագրի շրջանակներում», մասնակցում էին Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների տնօրենները, աշակերտները:
Ֆրանսիայի դեսպանը բավականին մանրամասն նախ ներկայացրեց իր երկրի պատմությունը, կարևորելով հատկապես Եվրամիության ծնունդը` այն համարելով «հրաշք», որի հիմքը դրել են հենց Ֆրանսիան ու Գերմանիան, ապա խոսեց հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին: Նա հիշեց Ֆրանսիայի նախկին նախագահ Ն. Սարկոզիի խոսքերը, ով Հայաստան կատարած այցի ժամանակ ասել էր, որ Հայաստանը Ֆրանսիայի քույրն է, ապա ներկայիս նախագահ Ֆ.Օլանդի խոսքերը երկու երկրների միջև եղբայրական հարաբերությունների մասին, այնուհետև ընդգծեց. «Սա նշանակում է, որ ֆրանս-հայկական հարաբերությունները ընտանիքի, ընտանեկան գործերի են արդեն վերածվել»:
Ա. Ռենոն նշեց, որ այսօր Ֆրանսիայում բնակվում է 500 հազար հայ, ապա հիշեց Շառլ Ազնավուրի խոսքերը, որ Ֆրանսիայում բնակվող հայերը 100 տոկոս հայ են, 100 տոկոս ֆրանսիացի: «Միգուցե թվաբանությունը սխալ է, բայց հիմքում դրված զգայական միտումը ճիշտ է»,- ընդգծեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը:
Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի ղեկավար Վահրամ Կաժոյանը նախքան դեսպանի ելույթը նույնպես խոսեց հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին` նշելով, որ այդ կապերը առկա են բոլոր ոլորտներում: «Չկա պատմության մի դրվագ, որտեղ հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին հնարավոր չլինի խոսել»,- նշեց Վ. Կաժոյանը:
Նրա ներկայացմամբ, ծրագրի շրջանակներում սա արդեն 6-րդ հանդիպումն է արտակարգ և լիազոր դեսպանների հետ (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ռումինիա):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա