Փորձագետ. Բաքուն օրակարգում է պահում ԼՂ հիմնախնդրի կարգավորման ռազմական տարբերակը
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլլաևը մեկնաբանելով ՀՀ նախագահի՝ ՀԱՊԿ խորհրդի նիստում ունեցած ելույթը, նշել է, թե հայկական կողմը ապատեղեկատություն է տարածում և ցանկացած պատեհ առիթով խաբում միջազգային հանրությանը:
Թեմայի շուրջ մեկնաբանություններ ստանալու նպատակով Panorama.am-ը դիմեց քաղաքական հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանին:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը ՀԱՊԿ խորհրդի նիստում ունեցած ելույթում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, հայտարարել է, որ ԼՂ հարցում Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումները շարունակում են տարածաշրջանը լուրջ սպառնալիքի տակ պահել:
«Ադրբեջանը տարածաշրջանի համար լուրջ սպառնալիք է ներկայացնում հենց միայն այն պատճառով, որ այդ երկիրը որոշակի պարբերականությամբ հայտարարում է, թե ցանկացած գնով պատրաստ է լուծել հիմնախնդիրը: Իհարկե նրանք շեշտում են, որ խաղաղ ճանապարհով խնդրի լուծման ռեսուրսները դեռ չեն սպառվել, սակայն միաժամանակ հավելում, որ դրա սպառման դեպքում պատրաստ են խնդրի լուծման այլ ճանապարհներ փնտրել: Ավելին, Ադրբեջանի բարձր ղեկավարությունը պարզորոշ ձևով բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք խնդիրը կկարգավորեն ռազմական ճանապարհով:
Ադրբեջանի աճող ռազմական բյուջեն ու երկրի ներսում տարվող քարոզչական գիծը ցույց են տալիս, որ այդ երկիրը նվազագույնը օրակարգում է պահում ԼՂ հիմնախնդրի կարգավորման ռազմական տարբերակը:
Ադրբեջանը խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի դրույթներ, ինչը պարզորոշ ձևով երևում է ինչպես նրա կողմից ձեռք բերվող ռազմական տեխնիկայի քանակից, այնպես էլ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի «Սովորական սպառազինությունների վերահսկումը տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մակարդակներում» մասին զեկույցից: Զեկույցում անդրադարձ է կատարվում Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքին և նշվում, որ Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի իրագործման մասին պաշտոնական տեղեկատվության համաձայն` Ադրբեջանը գերազանցել է պայմանագրով սահմանափակված երեք տեսակի սպառազինությունների քանակը:
Մինչ այժմ Ադրբեջանը հրաժարվում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունից, այն է՝ շփման գծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ հետաքննության մեխանիզմներ ներդնելու գաղափարից: Իսկ ինչ վերաբերվում է դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելու խնդրին, ապա Ադրբեջանը կտրականապես մերժում է այդ գաղափարը: Սրանք փաստերի ոչ լրիվ ցանկն է ապացուցելու, որ Ադրբեջանն իր քայլերով տարածաշրջանը սպառնալիքի տակ է պահում»,- ընդգծեց Տ. Աբրահամյանը: