Բեգլարյանը խուսափեց, Քոչարյանը տեղյակ չէր. Կառավարության անդամները` միջադեպի մասին (տեսանյութ)
Այսօր կառավարության նիստից հետո կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը խոսափեց գնահատական տալ իր կուսակցի և ամենամտերիմ ընկերոջ` ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքագծին` պատճառաբանելով, թե տեղյակ չէ` ինչ է տեղի ունեցել: Սակայն երբ լրագրողները պատրաստակամություն հայտնեցին ներկայացնել երեկ ԱԺ-ում լրագրողի և պատգամավորի միջև տեղի ունեցած միջադեպը, նախարարը նպատակահարմար գտավ հեռանալ` ասելով, որ շտապում է, հանդիպման:
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ տեղյակ չէ, բայց ամեն դեպքում լրագրողի կամ մարդու հանդեպ բռնությունը դատապարտում է:
Նշենք, որ ԱԺ-ում միջադեպից հետո անհամեմատ խիստ էին արտահայտվում Մհեր Սեդրակյանի հատկապես կրտսեր կուսակիցները:
Մանրամասները` տեսանյութում:
Panorama.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ազգային Ժողովում, երբ քննարկվում էր Էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ հարցը իրեն նույն թեմայի վերաբերյալ հարց տալու նպատակով մոտեցած «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը սպառնացել է՝ ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:
Լրագրողից հրապարակավ իրենց կուսակից պատգամավորի փոխարեն ներողություն են խնդրել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Սակայն Մհեր Սեդրակյանը «1in.am»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել: Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր հանդիպել Մհեր Արշակյանին և ափսոսանք ու ցավ հայտնել կատարվածի կապակցությամբ:
Միջադեպի կապակցությամբ «Facebook» սոցիալական ցանցում բազմաթիվ լրագրողներ համախմբվել են և պատրաստվում են նամակով դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ պատգամավորին պարտադրելու ներողություն խնդրել լրագրողից: Լրագրողները պատրաստվում են նաև դիմել Էթիկայի հանձնաժողով: