ՀՀ-ում ԻԻՀ դեսպան. Թեհրանը ողջունում է Երևանի հետ հարաբերությունների զարգացումը
Թեհրանը ողջունում է Երևանի հետ հարաբերությունների զարգացումը:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Երևանի Լազարյանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռաիսին:
Իրանի դեսպանը, անդրադառնալով հայ-իրանական վաղեմի հարաբերություններին, մասնավորապես նշել է. «Իրանը առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը: Անցած 22 տարիների ընթացքում երկու երկրների պաշտոնյաները իրենց աջակցությունն են հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայման գործին»:
Անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև առկա համագործակցության ներկա մակարդակին՝ դեսպան Ռաիսին նշել է. «Հայ-իրանական սահմանում կառուցվող Մեղրիի ՀԷԿ-ը, Իրան-Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, երկաթգիծն ու նավթային խողովակաշարը օրակարգում գտնվող խոշոր նախագծերն են»:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռաիսին, օրերս Մատենադարանում, «Երկու ազգ, երկու մշակույթ և երկու կրոն» խորագիրը կրող համաժողովի ժամանակ, անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, մասնավորապես նշել էր. «Հայերն ու իրանցիները պատմության ընթացքում ապացուցել են, որ աստվածային երկու կրոնների՝ քրիստոնեության և իսլամի, հետևորդ երկու ժողովուրդները կատարյալ խաղաղության և հանգստության պայմաններում խաղաղ ապրել են միմյանց կողքին: Ներկայում ԻԻՀ Մեջլսում իրանահայերը ներկայացված են հյուսիսային իրանահայության (Թեհրան) և հարավային իրանահայության (Իսֆահան) երկու պատգամավորներով»: