Սիրիահայ կանայք Ամանորին պատրաստվելու տրամադրություն չունեն. «Մամաս և քույրիկս հոն ձգած, եկած եմ» (Լուսանկարներ)
Ամերիկյան համալսարան սիրիահայերը հաճախ են գալիս: Ալեք Մանուկյան 9 հասցեում գտնվող շենքում է գործում Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը: Երբ մտանք, մի քանի սիրիահայ կանայք կային այստեղ: Հետո եկան նաև տղամարդիկ: Բոլորն էլ տաք հագուստի համար էին եկել:
«Թազա է, չէ՞»,-հարցրեցի: Կենտրոնում աշխատող սիրիահայ ժպտադեմ կինը հակադարձեց. «Թազա չէ, թազան թուրքական բառ է, նոր է»: Չօգտագործված հագուստ էր, ամենատարբեր չափսերի, տաք, գլխարկներ, շարֆեր… Միայն տաք կոշիկի կարիք ունեցող տղամարդիկ էին տխուր վերադառնում: Այն շուտ էր վերջացել: Հագուստի մեծ մասը կենտրոնին տրամադրել է «Տիրամայր Հայաստանի կուսաստան» կազմակերպությունը:
Երեխա ունեցող ընտանիքների անդամներին ամանորյա միջոցառման հրավիրատոմս էին տալիս:
«Տոմսն անպայման ձեզ հետ կվերցնեք, որ նվեր պետք է տան»,-զգուշացնում էին կենտրոնի աշխատակիցները, ովքեր ևս Սիրայում էին թողել հարազատներին, տներն ու եկել Հայաստան:
Վաղվանից կենտրոն մարդկանց հոսքը կմեծանա: Նոր օգնություն է` 10-20 հազար դրամ արժողությամբ կտրոն են տալու սիրիահայ ընտանիքներին` «Սթար» սուպերմարկետից Կաղանդին ընդառաջ առևտուր անելու համար:
«Հանկարծ 20 հազարից քիչ բան չառնեք: Գումարն իրենց կմնա: Եթե ավել էլ լինի, ավելի լավ է 500-1000 դրամ ձեր գրպանից տաք»,-կրկին զգուշացնում են կենտրոնում: Այս պարագայում էլ օգնողը Քուվեյթն է: Հիշեցնենք, որ այս պետությունը 100 հազար դոլարի օգնություն է հատկացնում Հայաստանում գտնվող սիրիահայերին:
«Առաջիկա շաբաթվա ընթացքում հազար ընտանիքի պիտի բաժանենք»,-Panorama.am-ին ասաց կենտրոնի տնօրեն Լենա Հալաջյանը:
Կենտրոնում գտնվող կանանցից մեկը դստեր հետ էր: Եկել էին տաք հագուստի համար: Տաք երկարաճիտ կոշիկներ ու հաստ մուշտակ փորձեց դպրոցահասակ աղջիկը, երկուսն էլ իր հագով էր ու իր ճաշակով:
«Ջուր էին քաշում»,-դստեր հագի սև սպորտային կոշիկները տեղավորելով տուփի մեջ, ասաց մայրը` տիկին Ամարյանը: Սիրիայից մայրը երեք երեխաների հետ եկել է ամռանը: Տեղավորվել են Էջմիածին քաղաքում, տանը ապրելու համար ամսական 150 դոլար են վճարում, երեխաներն էլ այնտեղ են դպրոց գնում:
«Այնտեղ ավելի էժան են տները, Երևանում շատ թանկ են»,-ասաց տիկին Ամարյանը: Ամուսինը մնացել է այնտեղ, Սիրայում տուն ունեն: Կինը ինժիներ է, այնտեղ իր մասնագիտությամբ էլ աշխատել է, սեփական գրասենյակն է ունեցել, այստեղ աշխատանք չունի: Մասնակցել է սիրիահայերի համար կազմակերպված աշխատանքի տոնավաճառին, սպասում է արձագանքներին:
Թամար Կազարջյանը Հալեպից Հայաստան է եկել մեկ ամիս առաջ` ընտանիքով, ամուսնու, երկու աղջիկների հետ: Մյուս հարազատները մնացել են այնտեղ:
«Արդեն շատ գեշ էր վիճակը, միշտ վախի մեջ էինք»,-ասում է երիտասարդ կինը: Հայաստան գալու համար ծախել է ունեցած ոսկեղենը, վերցրել հավաքած ու մի կողմ դրած գումարը:
Երկու կանայք էլ ասացին` Ամանորին չեն պատրաստվում:
«Արդեն այդ հոգեվիճակի մեջ չեմ, մամաս և քույրիկս հոն ձգած, եկած եմ: Գեշ է այնտեղ իրավիճակը, արդեն մեկ շաբաթ է կփորձիմ հեռաձայնել, խոսիլ, գծերը կկտրվեն, շատ նևրոզ վիճակի մեջ եմ: Օդանավի թիքեթն արդեն մեծ ծախս է»,-ասում է Թ. Կասարջյանը, բացատրելով, թե ինչու են հարազատները մնացել այնտեղ:
Իսկ նախորդ տարիներին սիրված տոնին հենց այս օրերին էին սկսում պատրաստվել:
«Հայաստանի պես չէ, բայց ամեն տեսակ կերակուրները կընեինք, կդնեիքն, անուշեղեները, նվերները, հագվելիքները: Արդեն մեկ շաբաթ առաջ բոլորը կսկսին, միշտ շուկաները մարդ կըլլա, առևտուր է: Բոլոր ընտանյոք կհավաքվեինք միասին, ընթրիք կընեյնինք, կուրախանայինք»,-ասում է կինը: Նա մտածում է, որ այս տարի էլ այնտեղ մնացած հարազատները մի հարկի տակ կհավաքվեն:
Ընտանիքն այժմ ապրում է Երևանում` Մոնումենտում: Տուն են վարձել, աղջիկներից մեկը դպրոց է գնում, մյուսին կրթության և գիտության նախարարության միջամտության շնորհիվ քոլեջում են տեղավորել: Իր ու ամուսնու համար դեռ աշխատանք չեն գտել: Ասում է, եթե աշխատանք լինի հաճույքով բնակություն կհաստատեն Հայաստանում, որտեղ շրջապատաված են քրիստոնյաներով: Ասում է, աղջիկների համար Սիրայում միշտ անհանգիստ է լինում, շուրջբոլորը արաբ տղաներ են:
Կենտրոնում բոլորին նույն խոսքերով են ճանապարհում` խաղաղություն, խաղաղ երկինք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները