Արման Մելիքյանը իր որոշումը կկայացնի մի քանի օրից
«Ես հստակ գիտեմ՝ ինչ եմ անելու նախագահական ընտրություններում առաջադրվելու դեպքում: Առաջիկա 8-10 օրերի ընթացքում կկայացնեմ իմ որոշումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին, նշեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
«Խնդիրն այն չէ, թե լուրջ անակնկալների եմ սպասում, խնդիրն այն է, որ կարող են ի հայտ գալ նոր հանգամանքներ, որը անհրաժեշտ կլինի հաշվի առնել առաջադրվելու պարագայում կամ կհիմնավորեն իմ չառաջադրվելը: Բոլոր դեպքերում առաջադրվելու պարագայում ես հստակ մոտեցումներ ունեմ, որոնք որևէ կերպ չեն կարող նսեմացնել իմ քաղաքական սկզբունքերը»,- ընդգծեց Ա. Մելիքյանը:
Panorama.am-ի հարցին, թե ինչպիսի՞ հանգամանքների ի հայտ գալու դեպքում նա կկայացնի իր որոշումը ընտրություններում առաջադրվելու կամ չառաջադրվելու վերաբերյալ, Ա. Մելիքյանը պատասխանեց, որ երբեք չի կարելի 100 տոկոս վստահությամբ ասել, որ ընտրությունների ելքը կանխորոշված են:
«Հնարավոր են նոր հնչերանգներ, անգամ արտաքին ազդակներ, որոնք ի զորու կլինեն էապես ներազդել ներքաղաքական իրավիճակի վրա: Այդ է պատճառը, որ ես ձեռնպահ եմ մնում այսօր կանխատեսում անել որևէ խնդրի վերաբերյալ: Բայց տեսականորեն ես տեսնում եմ հնարավորություններ ընտրությունների ընթացքի վրա էապես ներազդելու վերաբերյալ»,- ասաց նա:
Իսկ հարցին, թե ի՞նչ արտաքին ազդակների մասին է խոսքը, Ա. Մելիքյանը պատասխանեց, որ այսօր Հայաստանը բաց է արտաքին ազդեցությունների համար:
«Բոլոր կողմերից կարող են որոշակի ազդակներ ուղարկվել այստեղ, և այդ ազդակներն այստեղ կարող են ընկալվել որպես գործողության ազդանշան: Ազդակները կարող են գալ, առաջին հերթին, Ռուսաստանից: Չէի նսեմացնի Եվրոպայի ազդեցության աստիճանը, բայց Եվրոպայից առավել կարող է խոսք ասել Միացյալ Նահանգները: Ենթադրում եմ, որ այս ընտրությունները բոլոր դեպքերում կանցնեն համեմատաբար խաղաղ, առանց լուրջ էքսցեսների: Սակայն սա դեռ բոլոր երաշխիքները չի ստեղծում: Այսինքն արտաքին ազդեցության վտանգը կա, և այս առումով մենք պետք է ուշադիր լինենք»,- եզրափակեց Արման Մելիքյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում