«ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահի ելույթը բովանդակային էր և համապարփակ»
ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը բովանդակային էր և համապարփակ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը:
«ՀՀ նախագահի ելույթը բովանդակային առումով խիստ համապարփակ էր: Հնչեցին թե արտաքին, և թե ներքաղաքական առկա խնդիրների վերաբերյալ կարևորագույն շեշտադրումներ: Համագումարի ընթացքում մենք առաջադրեցինք Սերժ Սարգսյանին՝ որպես նախագահի թեկնածու, և համոզված ենք, որ նա այն անձն է, ով կարող է հաղթահարել բոլոր մարտահրավերները: ՀՀԿ-ն որդեգրել է այնպիսի քաղաքական կուրս, որը կարող է և պետք է իրականացնի միմիայն մեր կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը»,- նշեց Կարինե Աճեմյանը:
Բանախոսի խոսքերով, իշխանությունը հանդես է գալիս իրատեսական դիրքերից և գիտակցում է այն բոլոր մարտահրավերների լրջությանը, որոնք ծառացած են երկրի առջև:
«Տնտեսության զարգացման տեսանկյունից կարծում եմ անցնող տարին բավական բարդ էր: Բայց մենք կարողացանք հաղթահարել առկա խոչընդոտները: Իհարկե, վատը տեսնելու ցանկության դեպքում կարելի է դա անել: Բայց ես կարծում եմ, որ վերջին հինգ տարիների փորձն ու քրտնաջան աշխատանքը, մեզ թույլ է տալիս կարծելու, որ մեր թեկնածուն ամպայման կհաղթի գալիք նախագահական ընտրություններում»,- նշեց Կարինե Աճեմյանը:
«Զարգացման բանաձևը մեկն է. եթե ցանկանում ենք ունենալ զարգացած երկիր, ամեն մեկս մեր տեղում պետք է կարողանանք ապահովել այդ առաջընթացը»,- հավելեց բանախոսը: