Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Իրանի նախագահի խորհրդականի խոսքերը
Իրանը դեմ է, որ աշխարհի ցանկացած անկյունում որևէ սրբավայր քանդվի, այդ սրբավայրերին պետք է հարգանքով վերաբերվել:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բաքվում կայացած «Կրոն և արդարություն» խորագիրը կրող համաժողովի ժամանակ հայտարարել է Իրանի մշակութային և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Բաղեր Խորամշադը:
Նշենք, որ ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, աղավաղելով Իրանի մշակութային և իսլամական կապերի կազմակերպության նախագահի խոսքերը, նշել էր, թե իբր «Իրանը դատապարտում է հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի մզկիթները քանդելու փաստը»: Այնինչ, իրանցի պաշտոնյան իր խոսքում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ հիշատակում չի արել:
Նշենք, որ վերջերս ԻԻՀ Մշակութային ժառանգության կազմակերպության փոխնախագահ Մասուդ Ալավիան Սադրը իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել էր, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ Թեհրան կատարած այցի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանում գտնվող իրանական «Կապույտ մզկիթը» վերանորոգելուց և ամբողջական տեսքի բերելուց հետո քայլեր ձեռնարկել, որպեսզի այն ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում:
Հավելենք, նաև իրանցի պաշտոնյաներն ու բարձրաստիճան հոգևորականները հաճախ են անդրադառնում Ադրբեջանում մզկիթների քանդման փաստերին և կրոնական գործիչների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին: Վերջերս իրանցի բարձրաստիճան հոգևորական այաթոլլա Մաքարեմ Շիրազին Ադրբեջանում շիական մզկիթների քանդման վերաբերյալ արձակած ֆեթվաներից մեկում, դիմելով Ադրբեջանի ղեկավարությանը, գրել էր. «Այժմ հստակ հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանում շարունակվի մզկիթների քանդման գործընթացը, պայքարի հրաման կարձակենք և այդ պարագայում Ադրբեջանի Հանրապետությունում իրավիճակն անկայուն կդառնա»: