Սերժ Սարգսյան. Մենք հարմարվել ենք բացառիկ բարդ պայմաններին և զարգանում ենք (Տեսանյութ)
Հայաստանը գտնվում է բացառիկ բարդ պայմաններում, սակայն հարմարվել է դրանց և զարգանում է: Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Խոսելով իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին` երկրի ղեկավարը նշել է, որ սոցիալ-տնտեսական զարգացման հարցը շարունակում է մեծ խնդիր մնալ Հայաստանում: «Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի արդյունքում մենք բավականին լուրջ հարված ստացանք, ունեցանք 14 տոկոս անկում»,- ասել է նախագահն ու նշել, որ անցած երկու տարիներին սակայն երկիրն աստիճանար հետ է բերում կորցրածը.
«Անցած տարի ունեցանք ՀՆԱ-ի 4 տոկոս աճ, այս տարի կունենանք 7 տոկոսից մի փոքր ավել` 3 տոկոս գնաճի և բյուջեյի 2.5 տոկոս դեֆիցիտի պայմաններում»:
Նախագահը կարևորել է երկրում բիզնես միջավայրի բարելավման փաստը. «Համաշխարհային բանկի «Doing business» վարկանիշով մենք 18 կետով առաջընթաց ենք ունեցել և այժմ զբաղեցնում ենք 32-րդ տեղը: Դա ԱՊՀ երկրների շարքում առաջին ցուցանիշն է և հինգերորդը` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում»,- փաստել է երկրի ղեկավարն ու նշել, որ հենց սրա արդյունքում է հաջողվել ՀՆԱ-ի 7 տոկոսանոց աճ ապահովել:
«Ռոսիա 24»-ի լրագրողը ՀՀ նախագահից հետաքրքրվել է նաև Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերի մասին: Ի պատասխան Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ վերջին 20 տարում Հայաստանն ապրում է շրջափակման պայմաններում, ինչն էլ դարձել է երկրի տնետսական զարգացման առանձնահատկությունների գլխավոր դետերմինանտներից մեկը.
«Գործնականում` Թուրքիան ապօրինի շրջափակում է իրականացնում և մենք ապրում ու զարգանում ենք այդ պայմաններում` բացառիկ բարդ պայմաններում: Մենք անգամ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն չունենք Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ: Իսկ դա նշանակում է, որ մեր արտահանողներն այլոց համեմատ անհավասար պայմաններում են»:
Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանը հարմարվել է իր ճակատագրին, և առկա պայմաններում փորձում է զարգացնել տնտեսության այն ճյուղերը, որոնց մրցունակությանը տրանսպորտային բաղադրիչը չի խանգարում:
«Ավանդաբար Հայաստանում առաջատար ճյուղը լեռնահանքային արդյունաբերությունն է»,- խոսելով կոնկրետ ոլորտների մասին նշել է երկրի ղեկավարն ու փաստել, որ այդ ոլորտի զարգացումը մեծապես կախված է նաև մետաղի համաշխարհային գներից.
«Այդ իսկ պատճառով մենք ստիպված էինք դիվերսիֆիկացնել, և այսօր Հայաստանում` ոչ միայն մեր գնահատականներով, լավ զարգանում է ժամանակակից, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Գործնականում վերջին հինգ տարվա ընթացքում մենք կարողացել ենք երեք անգամ ավելացնել այս ոլորտի արտադրության ծավալը: Դա լավ է նաև այն պատճառով, որ ապահովում է բարձր վարձատրվող, հեղինակություն վայելող աշխատատեղեր: Այսօր Հայաստանում մոտ հարյուր նման ձեռնարկություն կա և այդ ձեռնարկություններում զբաղված է 10 հազարից ավել մարդ: Փոքրիկ Հայաստանի համար դա ծանրակշիռ ցուցանիշ է»:
Նախորդիվ` ՀՀ նախագահ. Մեր լրատվամիջոցներն իրենց ազատ են զգում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները