ՀՀ նախագահ. Հայաստանը կողմ է ինտեգրացիոն գործընթացներին (Տեսանյութ)
Հայաստանը հետաքրքրված է հետխորհրդային տարածքում ընթացող ինտեգրացիոն գործընթացներով և հետևում է առկա զարգացումներին: Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մենք միշտ կողմ ենք եղել հետխորհրդային տարածքում ցանկացած ինտեգրացիոն գործընթացների, և Մաքսային միությունը, Միացյալ տնտեսական տարածքը, բացառություն չեն կազմում: Դրա համար էլ մենք այժմ շատ ուշադիր ուսումնասիրում ենք այն գործընթացները, որոնք այստեղ տեղի են ունենում»,- ասել է Սերժ Սարգսյանն ու հիշեցրել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեռևս այս տարվա օգոստոսին պայմանավորվել են հարցի ուսումնասիրման համար աշխատանքային խումբ ստեղծել:
Հանրապետության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է այն առանձնահատկություններին, որոնք դժվարացնում են Հայաստանի ներգրավվածությունը:
«Իհարկե, մեզ ասում են, որ այստեղ առանձնահատկություն կա, որ մենք ընդհանուր սահման չունենք, որ Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելու զանազան պայմանները նույնպես խոչընդոտ են հանդիսանում, բայց մենք վստահ ենք, որ այստեղ պարզապես անհրաժեշտ է փորձագիտական գնահատական, անհրաժեշտ է փորձաքննություն, որը պետք է անցկացնել»,- նշել է նախագահ Սարգսյանն ու տեղեկացրել, որ այդ խնդիրների շուրջ ներկայումս աշխատում են թե Ռուսաստանի, թե Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ:
Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ համատեղ աշխատանքային խումբն ընդամենը վերջերս է նիստ գումարել, իսկ օրերս էլ ինքը հանդիպել և քննարկում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ:
«Բոլորի համար էլ հասկանալի է, որ տնտեսական ինտեգրացիան մեծ շուկաներն են, ազատ ապրանքաշրջանառությունն է, մաքսայիններում բյուրոկրատիայից ազատում է, մաքսից ազատ առևտուրն է: Այն շահավետ է բոլորի համար»,- նշել է հանրապետության ղեկավարն ու վստահեցրել, որ հենց այդ պատճառով Հայաստանը չի հրաժարվում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցություն ունենալուց: «Հենց դրա համար էլ մենք, միգուցե` ոչ առաջինը, գուցե` երկրորդըս, երրորդը, արագ վավերացրեցինք ԱՊՀ-ի շրջանակներում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը»,- հիշեցրել է նախագահ Սարգսյանը:
Նախորդիվ ` ՀՀ նախագահ. Հայաստանը չի խթանում արտագաղթը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա