ՀՀ ԱԳՆ խոսնակ. Թուրքիայի համար անկողմնակալ լինելը նշանակում է աջակցել Ադրբեջանի քայլերին
«Թուրքիայի համար անկողմնակալ լինելը նշանակում է ոչ թե կարգավորմանը սատարել, այլ աջակցել Ադրբեջանի քայլերին՝ ուղղված բանակցային գործընթացի ձախողմանը և համանախագահների ձևաչափից ձերբազատվելուն։ Թուրքիան քննադատում է անգամ Իռլանդիային՝ պատճառաբանելով աշխարհագրորեն հեռու գտնվելը»,- «Արմենպրես» գործակալության հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է փոխվեն նրանց կողմնակալության պատճառով, ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա իր պատասխանում նաև նշել է, որ անկողմնակալությունը ուղիղ համամետական չէ աշխարհրագրական հեռավորությանը, ինչի փայլուն ապացույցն է հենց Թուրքիայի օրինակը։ Ըստ նրա, Թուրքիան առիթը չի բաց թողնում նորից և նորից ապացուցելու միջազգային հանրությանը, որ իր որևիցե միջամտություն այս հարցերում միայն վնաս է հասցնում։