Տրանսպորտին սպասելիս (Տեսանյութ)
Երեկ ժամը 18:38-ին Ծածկած շուկայի հարևանությամբ գտնվող կանգառ հասա: Պետք է տուն գնայի: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հաղթանակ թաղամաս այդտեղից հասնում է միայն թիվ 23 միկրովտուբուսը: Միանգամից ասեմ, որ երթուղային տաքսի կարողացա նստել միայն ժամը 20:10-ին: Այդ մեկը զարմանալիորեն դատարկ էր, ոչ մի ուղևոր չկար: Մինչդեռ տրանսպորտին սպասելու մեկ ու կես ժամվա ընթացքում ընդամենը մեկ 23 համարի միկրոավտոբուս էր անցել, այն էլ լեփ-լեցուն էր, կանգառում չկանգնեց:
Դատարկ երթուղայինի վարորդը բացատրեց, որ գործընկերը զանգել, տեղեկացրել է, որ Ռոսիայում ու հարակից փողոցներում խցանում է, սա էլ ուղևորներին ճանապարհի կեսին իջացրել է, շրջվել ու դատարկ հետ եկել:
«Պահ, էլ ոնց կլինի, տոնածառի լույս են վառում: Չեն ասում, մարդիկ սառում են», -նեղսրտեց վարորդը: Գուցե այս անգամ խցանումն էր պատճառը, բայց այս երթուղին սպասարկող ընկերությունը, որպես դրա ծառայությունից հաճախ օգտվող քաղաքացի կարող եմ ասել, որ այնքան էլ բարեխղճորեն չի կատարում ստանձնած պարտավորությունները: Ժամը 19-ից հետո գալիս են 30-40 րոպեն մեկ հաճախականությամբ, իսկ ժամը 20-ից հետո այս համարի հետ հույսեր կապել պետք չէ:
«Ոտքերս հետ եկան»,-ցրտից սառած ոտքերի մասին երթուղային տաքսիում թոռն ասաց տատիկին:
Մաշտոցի պողոտայի այս կանգառ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պետք է գնայի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդսյանի հետ: Սակայն վերջին պահին, երբ զանգահարեցի նրան կանգառ հրավիրելու, պարոն Նավասարդյանը բացարեց, թե ինչու չի կարող գալ՝ դժբախտ դեպք է պատահել, դրանից հետո անպայման պետք է ներկա լինի Հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողությանը, խոստացավ՝ հաջորդ անգամ չի մերժի հրավերը:
Հաղթանակ թաղամաս հասնելու համար 23 համարի երթուղայինին այլընտրանք չկա, միայն Մալաթիայի շուկայի մոտից ավելանում է 56-ը: Թաղամասի խաչմերուկ Մաշտոցի պողոտայից հասնում են 23 համար ավտոբուսն ու 75 համար միկրոավտուբուսը: Տեսանյութում պարզ երևում է, թե պիկ այդ ժամին դրանք էլ փրկություն չեն: Մինչ քաղաքապետարանում քննարկում էին երթուղային նոր ցանցը, թաղամասի բնակիչներից մի քանիսը նամակ էին հասցեագրել Նավասարդյանին՝ խնդրելով լուծում տալ հարցին: Խոստացել էր՝ քննարկել, պատասխան չեղավ:
Ի դեպ, կանգառում սպասող մարդիկ դժգոհություններ ունեին այլ երթուղիների վերաբերյալ, օրինակ մի կին ասաց, թե 67 համարին սպասում է կես ժամից ավելի…
Օպերատոր` Հովիկ Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները