Ահմադ Վահիդի. Սիրիայի զինված ուժերն Իրանի աջակցության կարիքը չունեն
Սիրիայի զինված ուժերն Իրանի աջակցության կարիքը չունեն:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Ահմադ Վահիդին:
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով թուրքական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությանը, թե Իրանը Սիրիայի զինված ուժերի համար ուսումնական վարժանքներ է կազմակերպում, մասնավորապես պատասխանել է. «Սիրիայի զինված ուժերն Իրանի աջակցության կարիքը չունեն, քանի որ Սիրիան ունի հզոր բանակ, որը պատրաստ է Իսրայելի հետ հնարավոր բախմանը»:
Ահմադ Վահիդին, անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռների տեղակայմանը, նշել է, որ դրանց տեղակայումը առաջին հերթին կվնասի Թուրքիային:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ալի Ջաաֆարին, անդրադառնալով Սիրիայում Իրանի ռազմական ներկայությանն առնչվող հարցին, նշել էր.
«ԻՀՊԿ-ն նախկինում մեկ ստորաբաժանում ուներ. Ներկայում «Ղոդս»-ի ուժերի գործունեության հիմնական առաքելությունը ճնշված ժողովուրդներին օգնություն տրամադրելն է: Այդ ուժերի որոշ անդամներ նախկինում Սիրիայում և Լիբանանում ևս որոշակի գործունեություն են ծավալել: Սակայն «Ղոդս»-ի ուժերի ներկայությունը Սիրիայում չի համարվել և չի համարվում որպես Իրանի ռազմական ներկայություն: Ավելին, եթե Սիրիայի ընդդիմադիր խմբավորումներին Արևմուտքի ցուցաբերած օգնությունը նկատեք, ապա կստեսնեք, որ Իրանը նրանց համեմատ ընդհանրապես ռազմական ներկայություն չունի»: