Աշոտյանն ամփոփեց կրթական տարին, իսկ քաղաքական տարին դեռ կամփոփի
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ամփոփելով անցնող տարին լրագրողներին ասաց, որ 2012-ը թեպետ դժվար, բայց արդյունավետ տարի էր: Ըստ նախարարի` իրենք ունեցել են հիմնական յոթ հաջողություններ, որոնք կարևորվել են ոչ միայն բովանդակային, այլև միջազգային առումով:
Ա.Աշոտյանը թվարկեց դրանք. ՀՀ աշակերտները միջազգային տարբեր օլիմպիադաներում արժանացել են 16 մեդալների, ինչն ապացուցում է, որ ՀՀ կրթությունը հիրավի մրցունակ է: Հայաստանն արժանացել է Բոլոնիայի քարտուղարության վստահությանը, երրորդ ձեռքբերումը` «շախմատը դպրոցում» ծրագրի հերթական քայլն էր, որը միջազգային բրենդ դարձավ ու որի շրջանակում վերապատրաստվեցին հարյուրավոր ուսուցիչներ:
«Այս տարեվերջին հայաստանյան բոլոր դպրոցներում հասանելի է դարձել ինտերնետ կապը, ինչին դեռևս չեն հասել ավելի բարձր ՀՆԱ ունեցող երկրները: Այս տարվա ընդունելության քննությունները դրական գնահատականի արժանացան ազգաբնակչության ճնշող մեծամասնության կողմից: Ես ցանկանում եմ առանձնացնել նաև երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որը մեկնարկեց այս տարի. Տասնյակ երիտասարդներ այս ծրագրի շնորհիվ հնարավորություն են ստացել ներկայանալի լինել արտերկրում և այլն»,- հաջորդ ձեռքբերումները թվարկեց ԿԳ նախարարը:
2012թ-ը ՀՀ կրթության ոլորտի համար նշանավորվել է նաև այլ իրադարձություններով, դրանք են` ԱԺ կողմից կարևորվել է համընդհանուր ներառական կրթությունը, շուրջ տասը հազար ուսուցիչներ վերապատրաստվել են, ընդունվել է պետական քննությունների նոր կարգը, որը թույլ է տվել նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, 70 համայնքներում բացվել են նախակրթարաններ, 250 ուսանող հնարավորություն է ստացել միջպետական պայմանագրերով սովորել արտերկրի բուհերում, ՀՀ բուհեր են ընդունվել 1400 արտասահմանցի ուսանողներ և այլն:
Ասուլիսի վերջում նախարարը պատասխանեց նաև մի քանի հարցերի, որոնք իրեն են ուղղել Facebook սոցիալական ցանցի օգտատերերը:
Մասնավորապես, անդրադարձավ Թերլեմեզյանի տնօրենի նշանակման շուրջ բարձրացված աղմուկին ու ընդգծեց, որ ընտրության գործընթացը եղել է մրցակցային:
Ի դեպ, Ա.Աշոտյանը ընդգծեց, որ քաղաքական հարցերի այսօրվա ասուլիսի շրջանակում չի պատասխանելու` իր քաղաքական դիրքորոշումներին հնարավոր է ծանոթանալ նույն սոցիալական ցանցում, որտեղ ինքը չափազանց ակտիվ է: Իսկ բացի այդ հնարավոր է, որ մինչև տարեվերջ նա հատուկ քաղաքական ենթատեքստով մամուլի ասուլիս կհրավիրի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան