Ա.Աշոտյան. Նախարարությունն ընտրեց «շառից հեռու» տարբերակը
Կոռուպցիան արմատախիլ չենք արել կրթության համակարգում, բայց շոշափելի արդյունքներ դրա դեմ պայքարում ունենք: Այս մասին տարեվերջյան ասուլիսում հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Որպես օրինակ` նախարարը մատնանշեց ընդունելության քննությունները, որոնք նախկինում համակարգում թիվ մեկ կոռուպցիոն գործըթացն էին համարվում, բայց այս տարի, Ա.Աշոտյանի հավաստմամբ, դրանք բացառապես օբյեկտիվ էին: Շատ կոռուպցիոն են միշտ համարվել նաև պետական ավարտական քննությունները, սակայն այս տարի այդ լորոտում էլ կտրուկ նվազել են կոռուպցիոն ռիսկերը.
«Մենք հաջողել ենք նաև տարեվերջին կտրուկ նվազեցնել դրամահավաքը դպրոցներում ու հատկապես մայրաքաղաքի դպրոցներում, բայց ամբողջությամբ դրամահավաքը դպրոցներում չի վերացվել»,- նշեց Ա.Աշոտյանն ու հատուկ շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետարանին և Սյունիքի մարզպետարանին, քանզի սեպտեմբերից առ այսօր նախարարությունն արձանագրել է ահազանգերի կտրուկ նվազեցում այս երկու մարմինների ենթակայության տակ գտնվող դպրոցներից:
Դրական այս միտումները արձանագրելուց հետո Արմեն Աշոտյանը հորդորեց, սակայն, քննարկել ու հասկանալ, թե ի՞նչն ենանվանում դրամահավաք: Նշեց, որ մշակույթի գործիչներն իրեն դիմում են խնդրելով թույլատրել դպրոցներում կազմակերպել տոմսերի վաճառք, բայց համոզմունք հայտնեց, որ երբ սկսեն ամանորյա տոմսերի վաճառքը դպրոցներում, ապա երեք օր էլ չանցած նախարարության Թեժ գծին կստացվեն ահազանգեր և մամուլն էլ դրան կանդրադառնա.
«Ձեր շնորհիվ ինձ մոտ ձևավորվել է մի կարծրատիպ` ոչ մի դրամահավաք դպրոցներում անգամ ամենաբարի նպատակների համար: Բայց արդյո՞ք սա ճիշտ է: Այս դեպքում մենք սահմանափակել ենք երեխաների թատրոն գնալու, թանգարան գնալու, Հայաստանի գեղատեսիլ վայրեր մեկնելու հնարավորությունը… ես չգիտեմ որն է ճիշտը»,- դիմելով լրագրողներին ասաց Կրթության և գիտության նախարարը:
Ա.Աշոտյանը, թերևս հանդիսանալով միակ նախարարը, որ ցանկացած հարց դնում է հանրային քննարկման, այս անգամ մտահոգություն հայտնեց, որ եթե այս հարցում հույս լիներ լսելու հասարակության ադեկվատ արձագանքը, ապա իրենք ավելի ճկուն կգտնվեին : Բայց քանի որ ինքը վստահ չէ, որ նման խնդիրների պարագայում հանրային արձագանքը միշտ կլինի ադեկվատ, ապա.
«Նախարարությունն այս պահին գերադասում է «շառից հեռու» տարբերակը, և ցանկացած առիթներով դրամահավաքին, անգամ այս` ամանորյա տոմսերի վաճառքին դեմ ենք: Թեև կարծում ենք, որ սա ճիշտ և վերջնական որոշում չէ»,- հայտարարեց նա ու հորդորեց բարձրաձայնել այդ խնդիրը և օգնել ԿԳ նախարարությանը` ձևավորել հանրային պահանջ այն խնդրի շուրջ, թե արդյո՞ք ընդունելի է նմանատիպ միջոցառումների կապակցությամբ դրամահավաքը դպրոցներում:
Նախորդիվ`
Աշոտյանն ամփոփեց կրթական տարին, իսկ քաղաքական տարին դեռ կամփոփի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա