Ընդդիմության համախմբումը կարող է լինել Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ ոչ թե Տեր-Պետրոսյանի շուրջ
ՀՀՇ-ի ամբիոնից այսօր հանրությունը կտեղեկանա ընտրությունների մասնակցության վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրերի մասին: Այս կապակցությամբ «Голос Армении»-ն գրում է, որ Տեր-Պետրոսյանը երկու ճանապարհ ունի` բոյկոտել ընտրությունները կամ էլ պայքարել երկրորդ պատվավոր տեղի համար: Վերլուծաբանների մի մասի կարծիքով` նախագահական ընտրություններին մասնակցելուց Գ. Ծառուկյանի հրաժարումից հետո ընդդիմությունն իր շուրջ համախմբելու մեծ հնարավորություն է ընձեռում Լևոն Տեր-Պետրոսյանին, մյուսների կարծիքով` այսօր հայաստանյան ընդդիմությունն ի վիճակի չէ դիմակայելու իշխանությանը:
Մասնավորապես նախկին ԱԺ փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը նշել է, որ Լ. Տեր-Պետրոսյանի ռազմավարության նպատակը իշխանության մի թևի միջոցով մյուսին հարվածելն էր, սակայն, ըստ նրա` Կոնգրեսի կողմից մեծ սխալ էր իր նախագծերը կապել մի կուսակցության հետ, որը չունի քաղաքական բովանդակություն, ինչի արդյունքում էլ այսօր ընդդիմությունն ավելի քան թույլ է: Տեղեկացնելով, որ նախագահական ընտրություններին առաջադրվելու է նաև «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` թերթը չի բացառում, որ շատ հնարավոր է` վերջինս կարողանա համախմբել ընդդիմադիր դաշտի մի որոշ հատված և քաղաքացիական հասարակության ակտիվը, և շատ հնարավոր է, որ երկրորդ տեղը զբաղեցնի հենց Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը: