«Մարդկանց հետ շփվում էր մեծ դժվարությամբ ու չուներ ընկերներ».Վախից ու անվստահությունից մինչև պայքարելու և երջանիկ ապրելու կամք
Երկբևեռ խանգարում ունեցող Արմենը (անունը փոխված է) 2011թ.-ի մայիսից «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում գործող Ցերեկային կենտրոնի այցելուներից է: Հիվանդության պատճառով նա գրեթե մեկուսացված էր հասարակությունից, մարդկանց հետ շփվում էր մեծ դժվարությամբ ու չուներ ընկերներ: Կենտրոնի հոգեբանների աշխատանքի շնորհիվ այժմ ավելի ինտեգրված է միջավայրին, ձեռք է բերել նոր ընկերներ, իսկ այս տարի ամռանը հաջողությամբ հանձնելով քննությունները՝ ընդունվել է գեղարվեստի ուսումնարան:
Ամանորին ընդառաջ Արմենն իր ընկերների հետ զբաղված է տոնածառի համար զարդարանքներ ու խաղալիքներ պատրաստելով: Կենտրոնից հայտնում են, որ այսօր կենտրոնում կազմակերպվել է ամանորյա միջոցառում կենտրոնի այցելուների մասնակցությամբ: Հոգեկան տարբեր խնդիրներ ունեցող այցելուների ձեռքի աշխատանքները կենտրոնին տոնական տեսք են հաղորդել, որոնք կարող են ձեռք բերել նաև բոլոր ցանկացողները:
Ինթրա հոգեկան առողջության (ՀԱ) կենտրոնը հիմնվել է 2009 թ.-ին Սեդա Ղազարյանի հիշատակի hիմնադրամի կողմից` Հայաստանի մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերության հետ համագործակցությամբ։ Ինթրա ՀԱ-ի ցերեկային կենտրոնի նպատակն է աջակցել հոգեկան խնդիրներով տառապող և մտավոր սահմանափակումներ ունեցող մարդկանց առողջության վերականգնմանն ու ինտեգրմանը:
«Կենտրոնում նաև գործում է ինքնաաջակցման խումբ, որտեղ առանձին հոգեբանական աշխատանք է տարվում այցելուների ընտանիքի անդամների ու խնամողների հետ: Նրանց հաղորդվում է մասնագիտական գիտելիքներ իրենց հարազատների խնդիրների մասին և մատնանշվում են դրանց հաղթահարման ուղիները »,-նշեց կենտրոնի հոգեբան Անահիտ Իսկանդարովան:
Կենտրոնում անհատական և խմբային խորհրդատվությունից բացի, այցելուների համար կազմակերպվում են հմտություններ զարգացնող և ժամանցային միջոցառումներ: Ցերեկային կենտրոնը գործում է անվճար: Այժմ կենտրոնն ունի 37 այցելու:
«Կենտրոն հաճախում ենք վաղուց: Իմ և որդուս (4տարեկան) հոգեվիճակը շատ դեպրեսիվ է եղել: Աշխատակազմի աջակցությամբ ընդգրկվեցի այս մեծ և բարեհամբույր ընտանիքի մեջ, Նրանց անշահախնդիր վերաբերմունքի շնորհիվ վախի և անվստահության մթնոլորտը փոխանցվեց վստահության և համարձակության, նաև պայքարելու և ապրելու մթնոլորտի»,- նշեց կենտրոնի այցելուներից մեկի մայրը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին