Իրանական կայք. Երբ Էրդողանը ծաղրում է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին
«Երբ Էրդողանը ծաղրում է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին»: Նման վերնագրով հոդված է թողարկվել իրանական «թաբնաք.իռ» կայքում:
Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին տեղակայվելիք «Պատրիոտ» հրթիռային համակարգերի առնչությամբ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադիի արած հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Երբ որ Իրանի նախագահի հետ այդ առնչությամբ զրուցում ենք, վերջինս նշում է, որ այդ անձանց (ԶՈւ ԳՇ պետ) հայտարարություններն իրենց անձնական կարծիքն են: Պարզ չէ, թե Իրանում ո ՞ ր պաշտոնյան է արտահայտում այդ երկրի դիրքորոշումը: Այսպիսով, երբ ցանկանում ենք նրանցից մեկնաբանություն լսել, արդեն գիտենք, թե ինչ պետք է պատասխանեն»:
«Թաբնաք»-ի մեկնաբանը, անդրադառնալով Էրդողանի՝ իրանցի պաշտոնյաների հասցեին ուղղված մեկնաբանություններին, մասնավորապես նշել է. «Կասկած չկա, որ Էրդողանն իր նման կեցվածքով ապակողմնորոշում է. Քանի որ Իրանի նախագահը նրան ասել է, որ Իրանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտում են նախագահն ու արտաքին գործերի նախարարը, այնպես որ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին պաշտոնապես քննադատել է «Պատրիոտ» համակարգերի տեղակայման մասին որոշումը»:
Նկատենք, որ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին, օրերս անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրիթային համակարգի տեղակայման մասին ՆԱՏՕ-ի որոշմանը, մասնավորապես նշել էր. ««Պատրիոտ» հրթիռները տեղակայվում են Իրանի հրթիռային համակարգերի նկատմամբ ունեցած անհանգստությունից, ինչպես նաև Ռուսաստանի կողմից՝ Սիրիային ցուցաբերելիք հնարավոր աջակցությունից անհանգստանալուց»:
Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Ահմադ Վահիդին էլ լրագրողների հետ հանդիպմանը, այն հարցին, թե թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռային համակարգերի տեղակայումը արդյո ՞ ք սպառնում է Իրանին, մասնավորապես պատասխանել է. «Մենք միշտ հայտարարել ենք, որ դեմ ենք տարածաշրջանում արտաքին ռազմական ներկայությանը, այն չի բխում տարածաշրջանի մուսուլմանների շահերից»:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ) հոգևոր առաջնորդի ներկայացուցչի գլխավոր խորհրդական, գեներալ Յադոլլահ Ջավանին «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռային համակարգի տեղակայման առնչությամբ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին ուղղված դիմումին, մասնավորապես նշել էր. «Թուրք-սիրիական հրթիռային համակարգերի տեղակայմամբ Թուրքիան Սիրիայում ռազմական միջամտության համար հող է նախապատրաստում: Սակայն Անկարան պետք գիտակցի, որ ռազմավարական սխալ է գործում և մեծ վնասներ կկրի»:
Իսկ ավելի վաղ ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի՝ Սիրիա, Լիբանան և Թուրքիա կատարած տարածաշրջանային այցին, մասնավորապես նշել էր. «Իրանի Մեջլիսի նախագահը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նպատակ է ունեցել թուրք պաշտոնյաներին հասկացնել, որ Սիրիայի հարցում նրանք սխալ քաղաքականություն են վարում: Բացի այդ, թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռային համակարգի տեղակայման, ինչպես նաև Անկարայի՝ Սիրիայի ընդդիմադիրներին աջակցելու առնչությամբ ևս Ալի Լարիջանին Էրդողանին լուրջ նախազգուշացրել է»:
Նախորդող տեղեկատվություն՝
Ինչու՞ Ահմադինեժադը չեղյալ հայտարարեց Թուրքիա նախատեսված այցը. Էրդողանի արձագանքը