«Մենք «Զիպրեքսա»-ի, այլ ոչ թե այլ դեղի կարիք ունենք». քաղաքացիները դիմել են ՀՀ նախագահին
Հոգեկան հիվանդության խնդիրներ ունեցող մի խումբ քաղաքացիներ ու նրանց հարազատները բաց նամակով դիմել են ՀՀ Նախագահին:
«2005 թ.-ից մեզ ընձեռնված է հնարավորություն ՀՀ պետբյուջեի միջոցներով անվճար ստանալ որակյալ դեղ (Զիպրեքսա), որի շնորհիվ բարելավվում է մեր առողջական վիճակը, մենք կարողանում ենք հասարակություն դուրս գալ, շփվել մարդկանց հետ, դուրս գալ ծանր հուսալքված և կյանքից հիասթափված վիճակից, խուսափել հիվանդության սրացումից և կրկնումից, մեզանից շատերը վերականգնել են իրենց ուսումը, անցել են աշխատանքի, ապաքինվել են ու ինտեգրվել են հասարակությանը, որի համար հայտնում ենք Ձեզ և բոլոր պատասխանատու անձանց մեր խորին շնորհակալությունը:
Վերջին տարիների ընթացքում վերոհիշյալ դեղը ներկրող Ամերիկյան ընկերության ներկայացուցիչները Հայաստանում նվազեցրել են դեղի արժեքը մոտ չորս անգամ: ՀՀ Առողջապահության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ (18.12.2012թ.-ին) մեզ տեղեկացրեցին, որ դեղի պետգնման հերթական մրցույթը, որը հայտարարում է ՀՀ ԱՆ` կհայտարարավի ութ օր հետո: Մրցույթին հաղթում է առավել ցածր սակագին ունեցող դեղը: Մեր ունեցած տվյալներով մրցույթին մասնակցելու է այնպիսի դեղ, որի հումքը ստացվում է Հնդկաստանից և որի որակի մասին չկա որևէ գիտական հետազոտություններ: Մենք չենք ցանկանում ենթարկվել նոր փորձության և վտանգի տակ դնել մեր բարելավված առողջությունը, քանի որ Զիպրեքսան իր արդյունավետությունն է թողել մեզ վրա, իսկ պարբերաբար ստանալով հնդկական և այլ անորակ հումքով պատրաստված դեղերը , մենք մեզ վրա նկատել ենք այդ դեղերի բազմակի անցանկալի և կողմնակի երևույթները: Հայցում ենք Ձեր միջամտությունը և ակնկալում ենք, որ Դուք չեք թույլ տա, որպեսզի հարյուրավոր հիվանդներ ստանան անորակ դեղ, որը չնչին չափով է էժան, քան նախորդ դեղը:
Քանի որ մենք և մեր հարազատները Ձեր ընտրողների մի հոծ խումբ ենք, ակնկալում ենք Ձեր շուտափույթ միջամտությունը, որը կտա այս հարցի բավարար և վերջնական լուծումը: Թող Աստված Ձեզ ուժ կարողություն և իմաստություն տա մեզ կառավարելու համար»,- ասված է ՀՀ Նախագահին ուղղված նամակում:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին