Ադրբեջանում Իրանի դեսպանը դեմ է ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Բաքվի դիրքորոշմանը
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ «Մարդու իրավունքներն ու ազատություններն Ադրբեջանում» ամսագրին տված հարցազրույցում՝ նշել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաք Այինը:
Դեսպան Փաք Այինը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Իրանի ունեցած դիրքորոշմանը, մասնավորապես նշել է. «Արդեն մի քանի տարի է, ինչ ԼՂ հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է հակամարտություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները ցավոք արդյունք չեն տվել: Ես համոզված եմ, որ ԼՂ հիմնախնդրի լուծման ռազմական տարբերակը ոչ մի օգուտ չի բերի տարածաշրջանին: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով: Անհրաժեշտության դեպքում Իրանը պատրաստ է հանդես գալ միջնորդական առաքելությամբ»:
Արցախյան հակամարտության ժամանակակից փուլը սկիզբ է առել 1988թ-ին, երբ ի պատասխան 1921 թ. խորհրդային Ադրբեջանին բռնակցված Արցախի (Լեռնային Ղարաբաղ) բնակչության ինքնորոշման խաղաղ պահանջին` Ադրբեջանի իշխանությունները էթնիկ զտումներ իրականացրեցին հայ ազգաբնակչության նկատմամբ նախ` Ադրբեջանի մեծ քաղաքներում, ապա Արցախում: 1991թ-ի սեպտեմբերին Արցախը հռչակեց անկախություն, որի արդյունքում Ադրբեջանը սաստկացրեց բռնությունները և սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ Արցախի դեմ: Ռազմաճակատում մի շարք պարտություններից հետո Ադրբեջանի իշխանությունները 1994թ. մայիսին ստիպված էին զինադադար խնդրել Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն): Ներկայումս հակամարտության կարգավորման բանակցությունները իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների(Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007-ի նոյեմբերին ներկայացված Մադրիդյան առաջարկների հիման վրա:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանի ԱԳ նախարար. Անհրաժեշտ է հարգել ժողովուրդների ինքնորոշման կենսական իրավունքը