Ջիվան Գասպարյանը կձայնագրվի հոլիվուդյան «Աշխարհի վերջը» ֆիլմի համար
Դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանը կձայնագրի հոլիվուդյան «Աշխարհի վերջը» նոր ֆիլմի սաունդթրեքը: Այս մասին վարպետն ասել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:
«Հաջորդ տարի մեկնելու եմ ԱՄՆ, որպեսզի ձայնագրվեմ «Գլադիատոր»-ի հեղինակների նոր ֆիլմի սաունդթրեքը», ասել է Ջիվան Գասպարյանն ու տեղեկացրել, որ ֆիլմի մտահղացումը վաղուց է եղել, արդեն երեք տարի իրականացվում են նկարահանումներ, իսկ արդեն հաջորդ տարի այն կներկայացվի հանդիսատեսի դատին:
Դուդուկի վարպետը նաև տեղեկացրել է, որ իր համերգային շրջագայությունն ամբողջ աշխարհով շարունակվելու է նաև հաջորդ տարի:
Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանն, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, աշխարհի ամենահայտնի երաժիշտներից մեկն է: Նա ՅՈՒՆԵՍԿՕ-ի քառակի ոսկե մեդալակիր է: Նրա ձայնասկավառակներն աշխարհով մեկ վաճառվում են միլիոնավոր օրինակներով: Ըստ աղբյուրի, ամերիկյան լավագույն ֆիլմերի երաժշտական ձևավորման նպատակով վարպետը պարբերաբար հրավիրվում է Հոլիվուդ: Արևմտյան հանրություններում Ջիվան Գասպարյանի անունը մեծ տարածում է գտել «Գլադիատոր» ֆիլմի սաունդթրեքը ձայնագրելուց հետո, որտեղ հայկական ազգային դուդուկը համադրվել է դասական սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Ընդհանուր առմամբ, Վարպետը ձայնագրել է երաժշտություն ավելի քան 40 ֆիլմերի համար, այդ թվում` «Եվգենի Օնեգին», «Դոկտոր Ժիվագո», «Ռուսական տուն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները