Անօթևան հաշմանդամին տեղափոխեցին անօթևանների կացարան.որոշվում է նրա ճակատագիրը
«Քաղաքացին ոչ թե ծերանոցի բնակիչ է, այլ անօթևանների համար հատկացված ժամանակավոր կացարանի: Ինքը, ճիշտ է, շատ վատ վարք է դրսևորել, վատ է իրեն պահել, բայց երբ ժամանակը լրացել է այդ ժամանակ էլ դուրս է գրվել կացարանից»,-Panorama.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով իրենց հաստատության հետ կապված մամուլի հրապարակումն ասաց թիվ 1 տուն-ինտերնատի տնօրեն Արմեն Գյուրջյանը:
Նշենք, այսօր shamshyan.com կայքում տեղադրվել էր տեղեկատվություն այն մասին, որ անդամահատված քաղաքացի, 60-ամյա Լևոն Պապոյանին ամիսներ առաջ հայհոյելու համար դուրս են «վռնդել» ծերանոցից և նա քանի ամիս է փողոցներում է ապրում, իսկ այսօր էլ ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ քաղաքացին անօգնական վիճակում է:
Հաստատության տնօրենը տեղեկացրեց, որ այսօր առավոտվանից այդ խնդիրը գտնվում է ԱԻՆ-ի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում, բայց իրենց մեղքը չկա և ամեն ինչ չէ այնպես, ինչպես լրագրողներին ասել է Լ.Պապոյանը.
«Ինքն ասում է իրեն դո՞ւրս ենք շպրտել... նման բան չկա, ինքն ուղղակի չի հարմարվել մեզ մոտ, իսկ բացի այդ էլ բավականին շատ բողոքներ կային նրա վարքի հետ կապված` հայհոյում էր, կռիվ է արել, կանանց հետ է անհարգալից եղել: Մեզ մոտ բոլոր զեկուցագրերը կան այս մասին»,- պատմեց Ա.Գյուրջյանը:
Հիշեցնենք, խոսքն այն կացարանի մասին է, որը գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ, ուր տեղափոխվում են անօթևան քաղաքացիները ու 60 օր ապրում պետության միջոցներով: Օրական նրանց սննդի համար հատկացվում է շուրջ 1300 դրամ գումար:
Տնօրենը տեղեկացրեց, որ խնդիրը նրանում չէ, որ իրենք չեն կարող ետ ընդունել Լևոն Պապոյանին, այլ նրանում, որ այս պահի դրությամբ հաստատությունը գերծանրաբեռնված է` տեղ չունեն.
«Կացարանը նախատեսված է 60 հոգու համար, բայց հիմա մեզ մոտ ապրում է 60-ից ավելի քաղաքացի.. Ձմռանը, իրավացի եք, հատկապես սրվում է անօթևանների խնդիրը, ամռանը մեր տարածքը բավարարում է ու գերծանրաբեռնվածություն չենք ունենում, բայց հիմա շատ են»,- արձագանքելով մեր այն հարցին, որ շատ քաղաքացիներ են այսօր փողոցում գիշերում նշեց նա:
Ինչ վերաբերում է Լ.Պապոյանին, ապա վերջինիս չեն էլ կարող ծերանոց տեղավորել, քանի որ ծերանոց ընդունում են 63 տարեկանից հետո, այսինքն` նա դեռ երեք տարի ունի ... Սակայն մյուս կողմից գուցե հաշմանդամ քաղաքացու հարցը բացառության կարգով լուծում ստանա, քանի որ, տեղեկացրեց մեր զրուցակիցը, համապատասխան բոլոր գերատեսչությունները այս պահին զբաղված են այս խնդրով:
Ի դեպ նշենք, որ մեր զրույցի պահին ԱԻՆ աշխատակիցները Լևոն Պապոյանին բերեցին թիվ 1 տուն-ինտերնատ, այնպես որ քաղաքցու հետագա ճակատագրի մասին կտեղեկացնենք փոքր ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները