Լ. Ագուլեցի. Այժմ կենտրոնանում են ուտելու վրա
Նախկինում հայերն ավելի ճիշտ են պահպանել ավանդույթները, այդ թվում նաև Նոր տարվա, իսկ այժմ Ամանորի ժամանակ կենտրոնանում են ուտելու վրա` մոռանալով տոնի ծիսական, հոգևոր խորհրդի մասին: Ասուլիսում իր մտահոգությունը հայտնեց նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին:
«Նախկինում նախքան Սուրբ ծնունդը, առաջին վեց օրը պաս էին պահում, իսկ այժմ չգիտեն այդ վեց օրվա խորհուրդը, որից հետո գալիս է Զատիկը` Քրիստոսի ծնունդը, որը ամենասուրբ, ամենագեղեցիկ ու տիեզերական օրն է: Մարդիկ այժմ հաճախ են մոռանում այս մասին»,- նշեց նա:
Ազգագրագետի խոսքով, հայերն ունեցել են հրաշալի Նոր տարի, որը Արևելյան ու Արևմտյան Հայաստաններում տարբեր ձև են նշել, սակայն հիմա գրեթե ոչինչ չի պահպանվել, ազգային մտածողություն չկա, արտերկրից են օրինակներ վերցնում: «Մինչդեռ մեր եղածը պետք է զարգացնեինք, շքեղացնեինք»,- ընդգծեց նա: