Հայտնի են «Web Ծիրան» -ի հաղթողները
Համահայկական առցանց երկրորդ կինոփառատոնի հաղթողները ստացան իրենց մրցանակները: Մեկ ամիս առաջ մեկնարկած առցանց կինոփառատոնին ներկայացվել էր 15 խաղարկային և վավերագրական ֆիլմ: Ժյուրին, որի կազմում ընդգրկված էին արձակագիր Արմեն Օհանյանը, սցենարիստ Համբարձում Համբարձումյանը, արվեստաբան Սեդա Շեկոյանը, կինոքննադատներ Դավիթ Վարդազարյանը և Րաֆֆի Մովսիսյանը, որոշեց հաղթողներին: Նախապես սահմանված էր 3 մրցանակ:
«Ոսկե Ծիրան» փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժյուրիի որոշմամբ, գլխավոր մրցանակին արժանացել է Վարդան Դանիելյանի «Էսքիզներ Ոսկեվազի դաշտերից» վավերագրական ֆիլմը` դասական վավերագրության կանոններով իրականության գեղարվեստական վերապատման համար: Երկրորդ մրցանակին արժանացել է Աշոտ Հովսեփյանի «Մորուք» վավերագրական ֆիլմը` սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդու լուսավոր կերպարի բացահայտման համար: 3-րդ մրցանակը կիսվել է Անդրանիկ Հարությունյանի «Զակատ» խաղարկային և Սամվել Սեյրանյանի «Հայ տարեցը» վավերագրական ֆիլմերի միջև:
Ամենաշատ դիտումների արժանացած` Արշակ Զաքարյանի «Կինը» ֆիլմն արժանացել է «Համակրանք» խրախուսական մրցանակի և հատուկ դիպլոմի:
Մրցանակաբշխությունը կայացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային մասնաշենքում: Մրցանակները հաղթողներին հանձնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան¦ երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և Webtv.am ինտերնետ հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը:
«Մարդկային երևակայությունն անսահամանափակ է` ժամանակակից աշխարհում ինքնադրսևորվելու համար: Կինոարտադրության առցանց տարբերակը և՜ սկսանակների, և՜ մասնագետների համար այլընտրանքային հրաշալի գործիք է` նվազագույն ռեսուրսներով առավելագույն հաջողության հասնելու առումով: Համացանցն այդ գործընթացը սպասարկող միջոց է: Տեխնոլոգիաների դարաշրջանը հնարավորությունների նոր շեմ է սահմանել բոլորի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը ավելացրել է, որ կա նպատակ «Web Ծիրան» օնլայն կինոփառատոնը դարձնելու տարածաշրջանային և միջազգային ժյուրիով, որտեղ կլինի առավել լուրջ մրցակցություն և առավել մեծ մրցանակային ֆոնդով: