Արամ Նիկոլյան. Այժմ ավելի շատ ողջունվում է այն հագուստը, որը չի խանգարում մարդուն
Կենդանակերպի նշանն ու նորաձևությունը իրար հետ որևէ կապ չունեն: Նորաձևությունը լայն դաշտ է: Panorama.am-ի հետ զրույցում ասաց մոդելավորող Արամ Նիկոլյանը:
«Օրինակ, օձը սիրում է ոսկեգույնը: Բայց խորհուրդ եմ տալիս չհետևել կամ չհավատալ նման խոսակցություններին»,- ասաց դիզայները` ողջունելով մարդու անհատականությունը, տարբերվելու ու ճիշտ հագնվելու գաղափարը:
Ա. Նիկոլյանը խորհուրդ տվեց ամանորի գիշերը ու, ընդհանրապես, ձմռանը կրել վառ գույներ, հագնվել ըստ էթիկայի` գտնված տեղին համապատասխան. «Պարտադիր չէ տանը երեկոյան զգեստով դիմավորել Նոր տարին»:
Ընդհանրապես, ձմռանը, ըստ մեր զրուցակցի, ակտուալ են արհեստական մորթիները, վառ գույներն ու շատ աքսեսուարները: «Թեմա կա, որ հիմա ակտուալ է տղամարդու պահարանի ազդեցությունը կանացի պահարանի վրա` կոստյումներ, փողկապներ, նաև` կանացի թեթև, պաստելային գույներով հագուստները»,- փոխանցեց մոդելավորողը:
Գարուն-ամառ հավաքածուին բնորոշ է ավելի շատ պաստելային, մշուշոտ գույները, ավելի թեթև հագուստը: «Այժմ ավելի շատ ողջունվում է այն հագուստը, որը չի խանգարում մարդուն: Այս պարագայում ոչ թե հագուստն է մարդուն կրում, այլ մարդն է կրում հագուստը»,- ասաց Արամ Նիկոլյանը: