ՏՄՊՊՀ. Սոցիալական նշանակություն ունեցող 28 ապրանքային շուկաներում գնային փոփոխություններ չեն արձանագրվել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Ամանորի նախաշեմին ավելի խիստ հսկողություն է իրականացնում: Ինչպես այսօր լրագրեղների հետ հանդիպման ժամանակ նշեց ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանը, հսկողություն իրականացնում են սոցիալական կարևոր նշանակություն ունեցող մի շարք շուկաներում, որտեղ կան գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ: Նա նշեց, որ խոշոր տնտեսվարողներին զգուշացրել են, որպեսզի Ամանորից առաջ գնային չարաշահումներ չկատարեն:
«Գնային փոփոխություններ չենք արձանագրել այն 28 ապրանքային շուկաներում, որոնք սոցիալական նշանակություն ունեն, սակայն այս շուկաներում կա բարձր կենտրոնացվածություն: Փոքր գնային փոփոխություններ կան կաթնամթերքի մասով՝ այս 2 օրերի ընթացքում»,- ասաց նա՝ հավելելով, որ Հանձնաժողովի անդամները ուսումնասիրություն են սկսել, հրավիրել են Հանձնաժողով «Աշտարակ կաթի» ներկայացուցիչներին:
Նշվեց նաև, որ մոտ 3 դրամի չափով թանկացել է ձուն: «Մնացած շուկաներում էական փոփոխություններ չկան, կան շուկաներ, որ գնի նվազում է նկատվում, օրինակ՝ ձիթապտղի, ոլոռի, շաքարավազի»,- ասաց Ա. Շաբոյանը: Նա նշեց, որ ուսումնասիրությունները հիմնականում իրականացվում են խոշոր սուպերմարկետներում: