Այսօրվանից թեկնածուները կարող են առաջադրվել. Անձնագրային վարչություն դիմողները սպասվածից շատ են
ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը կսկսվի այսօրվանից` դեկտեմբերի 25-ից և կշարունակվի մինչև հունվարի 4-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը Panorama.am-ին հայտնեց, որ տոնական օրերին հանձնաժողովն աշխատելու է և ընդունելու է առաջադրման վերաբերյալ դիմումները:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2013-ի փետրվարի 18-ին: Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Հանրապետության նախագահի ընտրության ժամանակ քվեարկության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային»:
Մինչ առաջադրվելը գործիչները պետք է դիմեն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` ստանալու Հանրապետության Նախագահի թեկնածուի` վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք: Դիմումներն այստեղ ընդունվում էին դեկտեմբերի 10-ից:
Վարչության պետ Հովհաննես Քոչարյանը Panorama.am-ին հայտնեց, որ այս պահի դրությամբ հիշյալ տեղեկանքի համար դիմել և ստացել են «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով հայտարարել է, որ չի առաջադրվելու, Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ռադիո Հայ»-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը և Զարուհի Հարությունյանը, ոբ բժշկուհի է:
Տեղեկանք ստանալու համար վարչությանը դիմել են նաև ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ֆիզիկոս Մհեր Հայրապետյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ անձնագրային վարչությունը հերթափոխով կաշխատի` ՀՀ Նախագահի թեկնածուներին վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու տեղեկանք տրամադրելու և թեկնածուներին անհրաժեշտության դեպքում անձնագրային ծառայություններ մատուցելու նպատակով:
ԿԸՀ կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն, հունվարի 4-14-ը կկատարվի թեկնածուների գրանցումը, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ից և կշարունակվի մինչև փետրվարի 16-ը:
Նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին այս պահի դրությամբ հայտարարել են գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազդարար» գիտամշակութային ամսագրի վերահիմնադիր. պատմաբան-մանկավարժ Մարտիկ Սարգսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Չառաջադրվելու մասին այսօր հայտարարել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: