Հայաստանը կարո՞ղ է համադրել եվրաինտեգրումն ու Եվրասիական միությունը
«Голос Армении» թերթը ներկայացրել է քաղաքագետ Իգոր Մուրադյանի վերլուծությունը եվրաինտեգրման և Եվրասիական միությանն անդամակցելու խնդրի շուրջ Հայաստանի դիրքավորման վերաբերյալ: Ի. Մուրադյանի կարծիքով` ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը հետաքրքրված չեն, որ Հայաստանը լիովին կտրվի ՌԴ-ից, քանի որ հայ-ռուսական հարաբերություններն, իրականում, դիտարկվում են որպես Հարավային Կովկասում կայունության պահպանման գործոն:
Ըստ քաղաքագետի` Ռուսաստանի անբարեհամբույր վերաբերմունքը առ այն, որ Հայաստանը նպատակ ունի մասնակցել Եվրատլանտյան համայնքի ծրագրերին, պայմանավորված է նրանով, որ ինքը` Ռուսաստանն այդ ծրագրերում չկա:
Ըստ Ի. Մուրադյանի` Հայաստանում գոյություն ունեցող ռուսական ռազմաբազաները չեն հակասում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերին` հատկապես ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի պաշտոնանկությունից հետո: Ի. Մուրադյանի կարծիքով` Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված արհեստական քաղաքական լարվածությունը կամաց-կամաց տեղի է տալիս: «ՀԱՊԿ-ի հետ համագործակցելու ՆԱՏՕ-ի ցանկությունը գնալով աճում է»,-կարծում է Ի. Մուրադյանը: