Երևանը` մի պճնված կին. «Դա գավառականություն է»
«Հրաշալի է այն, ինչ արվում է Երևանում ամանորյա տոնական տրամադրություն ստեղծելու համար, բայց, ցավոք, մի քիչ տարերային է արվում, գավառականություն կա մեջը»,- Panorama.am-ի հետ զրույցում Երևանի` ինչպես տոնական «զարդարանքի», այնպես էլ ընդհանրապես քաղաքի արտաքին տեսքի մասին, նման կարծիք հայտնեց Երևանի նախկին գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Նա համեմատեց Երևանը կնոջը հետ.
«Երբ որ կինը շպարվում է, շատ լավ է, բայց չափի մեջ: Երբեք ֆրանսուհիներին չեմ տեսել շատ շպարված, ի տարբերություն մեր աղջիկների: Դա գավառականություն է: Իսկ երբ որ ամեն ինչ արվում է հարմոնիայի մեջ, այդ ժամանակ միջավայարը դառնում է հարուստ»:
Հ. Շահումյանը խոսեց նաև գովազդային վահանակների մասին. «Խորհրդային շրջանում կրակն էինք ընկել պլակատաներից, բայց դրանք գոնե բարոյական հենք ունեին, իսկ հիմա մենակ գրված է` փող, փող: Մի ամիս ամբողջ Թումանյան փողոցում գրված էր` փող, փող»: Նկարչի խոսքով, գովազդային վահանակաները, հատկապես օպերայի տարածքում տեղադրված, քաղաքային չեն, դրանք պետք է տեղադրվեն մայրուղիների վրա, բացի այդ գույնը, միջավայրն ընդհնարապես հաշվի առնված չէ: «Այս հարցերին պետք է լուրջ մասնագիտական մոտեցում լինի»,- ընդգծեց նկարիչը` հավելելով, որ այսօր Երևանի ճարտարապետությունն այնքան չի երևում, որքան այդ վահանակները: «Ամեն ինչ պետք է արվի նախագծով, կենտրոնացված: Պետք է քաղաքին սրտացավ ու մասնագիտորեն մոտենալ, ուրիշ ոչինչ: Այս գործով զբաղվողներից շատերը փորձ չունեն, չեն անցել այն ճանապարհը, որ պետք է անցնեին»,-նկատեց նա:
Մեր խնդրանքով, Հաղթանակ Շահումյանն անդրադարձավ նաև շքաղաքում տեղադրված հայտնի մարդկանց կավե քանդակներին: Նշենք, որ վերջինս քաղաքապետին կից գեղարվեստական խորհրդի անդամ է:
Նրա խոսքով, այդ խորհրդի բոլոր անդամները բացասական կարծիք են հայտնել արձանների վերաբերյալ, սակայն` «չգիտենք ովքեր են անում, ինչպես են դա արել, ով է հեղինակը»:
«Մենք ասել ենք, որ պետք է վերացվեն այդ արձանները, քանի որ խայտառակություն են, քանդակագործությանը, այդ մարդկանց, նաև ինձ` որպես երևանցի, վարկաբեկող գործեր են»,- նշեց նա:
Հաղթանակ Շահումյան անընդհատ կրկնում էր, որ այն, ինչ այսօր արվում է Երևանում, գավառականություն է. «Գավառականությունը` կենցաղային, մասնագիտական, մտել է մեր իրականություն: Հույս ունեմ, որ դա ժամանակավոր բնույթ է կրում»,- նշեց նկարիչը:
Նշենք, որ Հաղթանակ Շահումյանն այսօր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի ու բնապահպան Կարինե Դանիելյանի հետ հրավիրված էր մամուլի ասուլիսի ` ամփոփելով այս տարվա ընթացքում ճարտարապետության, բնապահպանության ոլորտում արձանագրված հաջողություններն ու բացթողումները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները