Թավրիզի առևտրական պալատը Հայաստանում ներկայացուցչություն կունենա
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքի առևտրական պալատը Հայաստանում ներկայացուցչություն կունենա:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է «Արաս ազատ տնտեսական գոտի» կազմակերպության գործադիր տնօրեն Սադեղ Նաջաֆին:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ վերջերս Արևելյան Ատրպատականի (Արևելյան Ազարբայջան) նահանգապետ Ալի Ռեզա Բեյգիի գլխավորությամբ իրանցի գործարարներից և արդյունաբերողներից կազմված պատվիրակության՝ Արմավիրի մարզ կատարած այցելության ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի Թավրզի առևտրական պալատը և «Արաս ազատ տնտեսական գոտի»-ն իրենց ներկայացուցչությունը բացեն նաև Արմավիրի մարզում:
«Իրանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալները նախորդ տարի կազմել են շուրջ 300 միլիոն դոլար. Երկու երկրների պաշտոնյաների միջև համաձայնություն է ձեռք բերվել առաջիկայում 40 տոկոսով մեծացնել ապրանքաշրջանառության ծավալները»,-նշում է իրանական աղբյուրը:
Նշենք, որ ԻԻՀ Արևելյան Ազարբայջան նահանգի գյուղատնտեսության կազմակերպության նախագահ Մասուդ Մոհամմադիանը վերջերս, անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանը, նշել է, որ ԻԻՀ Արևելյան Ազարբայջան նահանգի և ՀՀ Արմավիրի մարզի միջև հակակարկտային կայաններ ձեռք գնելու մասին պայմանագիր է ստորագրվել:
Մասուդ Մոհամմադիանը նշել է, որ Իրանի և Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում բարենպաստ միջավայր կա ներդրումներ կատարելու համար:
Հիշեցնենք, որ վերջերս ԻԻՀ Արևելյան Ազարբայջանի (Արևելյան Ատրպատական) նահանգի նահանգապետ Ալի Ռեզա Բեյգին Թավրիզում ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի Արևելյան Ազարբայջան նահանգի և Հայաստանի Արմավիրի մարզի միջև համագործակցության հեռանկարներին, մասնավորապես նշել է. «Հաշվի առնելով Արմավիրի մարզում գյուղատնտեսության ոլորտում առկա հնարավորությունները և Արևելյան Ազարբայջանի գիտատեխնիկական բազան՝ շահագրգռված ենք մեր ներդրումներն ուղղել Հայաստան և գյուղատնտեսության ոլորտում ընդլայնել երկկողմ համագործակցությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին