Գագիկ Բեգլարյանը` Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու պատճառների մասին
ՀՀ ԿՏ նախարար Գագիկ Բեգլարյանն անակնկալ կերպով համաձայնել է «Ժողովուրդ» թերթի թղթակցի հետ խոսել Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու պատճառների մասին: Թերթի հարցին, թե ինչ է տեղի ունեցել 2010թ. դեկտեմբերի 4-ին` Պլասիդո Դոմինգոյի հայտնի համերգից մեկ օր անց, Բեգլարյանը պատասխանել է. «Երկու տղամարդկանց մեջ տղամարդկային զրույց. մեկը եղել է Բեգլարյան Գագիկը, մյուսը` Կանդայան Արամը: Զրույցին մասնակից չի եղել ոչ ոք: Մինչ այսօր ոչ Բեգլարյանը, ոչ Կանդայանը որևէ հայտարարություն չեն արել: Չի եղել ոչ մի ձայնագրություն և վկայություն: Իսկ բոլոր խոսակցությունները հեռուստատեսությամբ և մամուլում` նախագահի խոսնակի կողմից հերքվել են մեկ օր անց»: Բեգլարյանը հավաստիացրել է, որ ծեծ ու առևանգում ևս չի եղել. «Քանի որ ինֆորմացիան սխալ գնաց, մարդիկ մտածում էին, որ Կանդայանը «Մետաքսի» նկուղներում է, որ նրան գողացել, տարել են Հայաստանից դուրս կամ, որ նա դաժան ծեծի է ենթարկվել: Բայց այդ ընթացքում մենք նրա հետ նորմալ զրուցում էինք…Թեյ էլ ենք խմել նույնիսկ: Իմիջիայլոց ասեմ` հաճելի, նորմալ զրուցակից է»: