ՄԻՊ-ն ահազանգում է. 9-ամյա Տիգրանը նորից փողոցում էր հայտնվել
Panorama.am-ը երկու օր առաջ իր «Ընկեր Լիլիթը կառատեի փայտով է ծեծում». Ով է ստում` երեխա՞ն, թե՞ գիշերօթիկի տնօրենը` քողարկելով բռնությունները» հրապարակմամբ անդրադարձել էր Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկից փախած 9-ամյա Տիգրան Պապիկյանի պատմությանը, ով այդ քայլին դիմել էր, իր պարզաբանմամբ, քանի որ նրան պարբերաբար ծեծել են հաստատությունում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որի արձագանքման խումբը երեխային գտավ մամուլի հրապարակման շնորհիվ, այսօր հաղորդագրություն է տարածել, որից տեղեկանում ենք, որ ինչպես և որոշվել էր` երեխան արդեն երկու օր է ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում է:
Մինչ այդ, սակայն, որոշ բարդություններ են եղել.
«Պաշտպանի արագ արձագանքման խումբը երեխային գտավ Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումի խանութներից մեկում, երեխան անմիջապես տեղափոխվեց ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն: Ավելի ուշ՝ երեկոյան, մորեղբայրը վերցրել էր երեխային՝ խոստանալով, որ տանից կվերցնեն փաստաթղթեր և հագուստ և մյուս օրն առավոտյան կվերադառնան: Երկու օր շարունակ մորեղբայրը և երեխայի խնամակալ հանդիսացող պապը տարբեր պատճառաբանություններով խուսափում էին երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ տալ:
Դեկտեմբերի 21-ին Պաշտպանի աշխատակազմն ահազանգ ստացավ, որ փոքրիկը նորից փողոցում է: Ոստիկանության միջամտությամբ 9-ամյա փոքրիկին գիշերը 1-ի սահմաններում գտան Այգեստան թաղամասում: Երեխան տեղափոխվեց Ոստիկանության բաժին, այնտեղից էլ՝ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն: Այժմ երեխայի հետ աշխատում են համապատասխան մասնագետներ: Նա թեև ունի հարազատներ, բայց վերջիններս խուսափում են երեխայի պատշաճ խնամքն իրականացնելուց:
Հատկանշական է նաև այն փաստը, որ անգործության է մատնված Երևանի Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինը, որը կոչված է իրականացնելու երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանություն` երեխայի իրավունքների և շահերի խախտման, երեխայի կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու, կրթության տալու պարտականության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, կամ երեխայի դաստիարակությունից, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից ծնողների խուսափելու, կամ ծնողական իրավունքների չարաշահման դեպքերում: Պաշտպանի աշխատակազմը մտահոգված լինելով այս խնդրով՝ գրություններ է ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Ոստիկանություն և Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնին»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները