Լևոն Տեր-Պետրոսյանն արեց այն, ինչ չհաջողվեց մայաներին
Լևոն Տեր-Պետրոսյանին նախօրեի հարցազրույցով գրեթե հաջողվեց իրականացնել այն, ինչ չհաջողվեց մայաներին. առաջին նախագահի ու ՀԱԿ-ի համախոհների շրջանում նախօրեին արտաքուստ ապոկալիպտիկ տրամադրություններ էին` ոմանք մտածում էին երկիրն անմիջապես լքելու, իսկ առավել պրագմատիկները` որոշել էին դեմ գնալ իրականությանն ու քվեաթերթիկում, այնուամենայնիվ, գրել Տեր-Պետրոսյանի անունը: Հավանաբար, սեփական համախոհների շրջանում աշխարհի վերջի այս զգացողությունն էր պատճառը, որ Տեր-Պետրոսյանը որոշեց խոսել դեկտեմբերի 21-ից հետո:
Եթե լուրջ, ապա սխալված չենք լինի, եթե նշենք, որ ՀԱԿ-ի ներսում այսօրվա իրողությունները Տեր-Պետրոսյանի գործունեության անմիջական արդյունքն է: Գաղտնիք չէ, որ վերջին ընտրական ցիկլում` նախորդող հինգ տարիների ընթացքում, առաջին նախագահն իր քաղաքական մարտավարությունը կառուցել էր ապոկալիպտիկ մարտավարությամբ` սեփական համախոհների և հասարակության մի ստվար զանգվածի մոտ սերմանելով այն միտքը, որ եթե ոչ ինքը, ապա կգա աշխարհի վերջը: Ու միանգամայն բնական է, որ երբ հայտարարվում է հեռանալու մասին, ոգեշնչված իր հավաստիացումներով ու խոստումներով մարդիկ (իսկ ոմանք պարզապես ընդունելով, որ երկրորդ ճիշտ գոյություն չունի) դա ընկալում են որպես (պայքարի) վերջ: «Պայքարի» ալգորիթմն այնպիսին էր, որ ստացված արդյունքից անակնկալի գալ պետք չէ:
Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի որոշմանը, ապա դրա մասին շատ է խոսվել: Ստեղծված իրավիճակում նրա ցանկացած որոշման համար կարելի էր բազմաթիվ հիմնավորումներ գտնել, ըստ որում` ողջամիտ: Այն, որ տարիքի գործոնն ամենաառանցքայինը չէր, հասկանալի է բոլորին (ի վերջո, եթե Տեր-Պետրոսյանը համարում է, որ օպտիմալ տարիքը 40-60 տարեկանն է, պետք է չակտիվանար նախորդ ցիկլում ևս, երբ բոլորել էր կյանքի 63-րդ տարին): Բայց բոլոր դեպքերում, կարևոր է ոչ թե բացատրությունը, այլ` որոշումը:
Գալով հետագային` պետք է նշել, որ իր որոշմամբ նա կանխորոշեց ՀԱԿ-ի հետագա ճակատագիրը` անկախ նրանից, թե «փլուզումը» որքան երկար կձգվի: Տեր-Պետրոսյանն իր դուրս գալով վերջ դրեց ՀԱԿ-ի գոյությանը: Եվ այսօր քաղաքական այդ դաշինքի մաս կազմող ուժերը պետք է ինքնուրույն որոշեն` շարունակո՞ւմ են զբաղվել քաղաքականությամբ, ինչպե՞ս են իրացվում քաղաքական դաշտում և ո՞ւմ հետ համագործակցելով:
Այսօրվա դրությամբ գործունեություն շարունակելու հայտ ներկայացրել է միայն Հրանտ Բագրատյանը: Մյուսները դեռևս գտնվում են Տեր-Պետրոսյանի հաղորդած իմպուլսի իներցիայի տակ: Իսկ շարքերում առայժմ ապոկալիպտիկ տրամադրություններն են գերիշխում:
Հեղինակ` Արմեն Մինասյան
Panorama.am-ը տեղեկացնում է, որ խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ: