Դումանյան. «Մարզերում բժշկական նորագույն կենտրոնների կառուցումով խնդիրները չեն լուծվում. մարզերում բժիշկների պակաս կա»
2012 թվականի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակել է համակարգում իրականացվող բարեփոխումները։ Միաժամանակ, առաջնորդվելով ոլորտում առկա խնդիրների շուրջ ՀՀ Նախագահի և վարչապետի կողմից տրված հանձնարարականներով, կյանքի են կոչվում նոր ծրագրեր: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Նրա խոսքերով՝ միակ հարցը, որը տեղափոխվել է հաջորդ տարի, Վայոց ձորի բուժհաստատությունների արդիականացման ծրագիրն էր, որը դեռ հստակեցման խնդիր ունի:
Դ.Դումանյանը նշեց, որ մարզերի առողջապահական համակարգի զարգացումը նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Ըստ նրա՝ շարունակվում է մարզային հիվանդանոցների արդիականացումը: Մասնավորապես, «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում 2007-2012 թթ-ի ընթացքում հիմնանորոգվել և արդիական սարքավորումներով հագեցվել է մարզային յոթ հիվանդանոց (Հրազդանի, Իջևանի, Արմավիրի, Արարատի, Գորիսի, Ապարանի և Գավառի բժշկական կենտրոնները), իսկ Գյումրիում, անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ, լիովին նոր, բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է կառուցվել` ախտորոշիչ և բուժման լայն հնարավորություններով` հագեցած ամենավերջին սերնդի սարքավորումներով։
Նախարարը հայտնեց, որ 2013-ին կսկսվեն Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման և Կապանի բժշկական կենտրոնի մասնաշենքերի վերանորոգման աշխատանքները: Կարդիականացվեն նաև Ալավերդու, Աբովյանի և Բերդի բժշկական կենտրոնները: Իսկ Վանաձորում կկառուցվի երրորդ մակարդակի բազմաֆունկցիոնալ բժշկական նոր կենտրոն:
«Սակայն մարզերում բժշկական նորագույն կենտրոնների կառուցումով առկա խնդիրները լիովին չեն լուծվում։ Որպեսզի հիվանդները չշարունակեն գալ Երևանում բուժվելու, պետք է մարզային այդ հիվանդանոցներն ապահովվեն նեղ մասնագետներով և դրանցում անհրաժեշտ ծառայություններ զարգացվեն»,- ասաց Դ.Դումանյանը՝ հավելելով, որ բժշկական կադրերը ներկայումս բաշխված են խիստ անհամաչափ` գերհագեցում Երևանում և մեծ պահանջարկ մարզերում: Մարզերում այժմ թափուր է բժիշկների 259 հաստիք: Նեղ մասնագետների պակաս կա անգամ վերանորոգված բուժհիմնարկներում: Մարզերում առավել պահանջված են անեսթեզիոլոգները, մանկաբույժները, սրտաբանները, նյարդաբանները, շտապօգնության բժիշկները, մանկաբարձ-գինեկոլոգները:
Դ.Դումանյանը նշեց, որ նախարարության աջակցությամբ մարզերում 2012-ին աշխատանքի է նշանակվել 25 մասնագետ, ինչպես նաև 15 սիրիահայ բժիշկ, որոնց մի մասը գործուղվել են մարզեր: Բացի այդ, ևս 29 բժիշկ գործուղվել են մարզեր:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին