Խոստումներ առանց փողկապի. Թովմասյանը արդարադատության համակարգը խոստանում է դարձնել «այլ համակարգ»
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «արմատական փոփոխություն» բառից խուսափում է ու առաջիկա չորս տարիներին խոստանում է արդարադատության համակարգը «այլ համակարգ դարձնել»: Իսկ դրա համար, ինչպես այսօր լրագրողների հետ տարեվերջյան ասուլիսում հայտարարեց նախարար Թովմասյանը, «նախագծերը կան շինարարները կան, ենթակառուցվածքները առկա են»: Լրագրողների հետ առանց փողկապի հանդիպման ժամանակ Թովմասյանը խոստացավ. «Այն խնդիրները, որոնք կան, դուք չեք տեսնի»:
Նախարարը հպարտանում է ոլորտում կատարված «հեղափոխությամբ». իրավաբանական անձինք այժմ գրանցվում են ընդամենը 5-7 րոպեում, առանց քաշքշուքի: «Եթե հաջողվի այս համակարգը առաջիկա տարիներին պրոյեկտել պետություն-իշխանություն մյուս համակարգերի վրա, ապա պետք է ասեմ, որ մարդ-պետություն, քաղաքացի-պետություն հարաբերությունների միանգամայն այլ պատկեր եք տեսնելու», -նկատեց նա:
Իր գլխում ծագած և թղթին հանձնած հավակնոտ ծրագրերի շրջանակներում Թովմասյանը վստահեցնում է, որ համակարգում պետության կողմից մատուցվող ծառայությունների 80 տոկոսը թվայնացվելու է:
Նոտարիատի համակարգում վիճակը ներկայացնելիս նախարարն ասաց, որ այստեղ 0 տոկոս ստվերայնություն կա և առաջին 8 ամիսների ընթացքում արդեն կա 18 տոկոս աճ վճարված հարկերի տեսանկյունից: «Նոտարիատը պետք է լինի մեր տնտեսական հարաբերություններում գլխավոր կայունության էլեմենտներից մեկը: Հայեցակարգը պատրաստ է և եկող տարի, վստահ եմ, կունենանք ամբողջ օրենսդրությունը, ինչը նոր համակարգ կձևավորի», համակարգի տեսլականը ձևակերպեց նախարարը:
Քրեակատարողական համակարգում փոփոխությունները դժվար տեսանելի են. կան շենքային խնդիրներ, գերծանրաբեռնվածության խնդիր, կադրեր և այլն: Բայց համակարգում եկող տարվա մեջ խոշոր փոփոխությունը լինելու է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շահագործման հանձնելը, որը նախարարը համարում է Հայաստանի պատմության մեջ նոր` 400 տեղանոց ՔԿՀ: ՔԿՀ-ներում դատապարտյալների շրջանում զբաղվածության տոկոսը բարձրանում է. 2011-ին 160 դատապարտյալ է աշխատանք ունեցել, իսկ 2012-ին դրանց թիվը հասել է 310-ի, հաջորդ տարի այդ թիվը դառնալու է 500:
Դատական իշխանությունը, նախարարի խոսքով, շարունակում է մնալ դատաիրավական համակարգի «աքիլեսյան գարշապարը»: Այս համակարգում նախարար Թովմասյանը դրական տեղաշարժ այս տարի տեսել է. օրինակ «Մատաղիսի գործ»-ով արդարացման վճիռ կայացվեց: «Այս որոշումը ցույց տվեց, որ դատական իշխանությունը կարող է դեմ գնալ նախաքննական մարմիններին: Նման երևույթները պետք է լինեն և դառնալու են ապագա մեր դատական իշխանության ինչպիսիության խնդիրը», -նկատեց Թովմասյանը: Առաջին հերթին եկող տարում արդարադատության նախարարը խոստանում է խստացնել դատավորին ներկայացվող պահանջները: «Բացի նրա տեսական գիտելիքներից, մենք պետք է այնպիսի մեխանիզմներ սահմանենք, որ պարզենք նրա մարդկային, նրա իրավիճակում կողմնորոշվելու, նրա արդարամիտ լինելու հանգամանքները: Դատական համակարգում առկա բարեփոխումների ինդիկատորը պետք է լինի հասարակության կողմից դատական իշխանության նկատմամբ վստահության բարձրացումը», -ներկայացրեց նախարարը` ընդգծելով, որ այդ չափորոշիչները մշակվում են:
Արդարադատության համակարգում խնդիրների լուսաբանման ու դրանք հանրությանը ներկայացնելու համար մի քանի լրագրողներ, այդ թվում Panorama.am-ի խմբագրակազմը, արժանացան նախարարի շնորհակալագրի: «Այս կայքը մեր լրատվական կայքերից մեկն է, որը չի եղել մի օր, որ որևէ թեմայի չանդրադառնա, որևէ իրավական թեմա չվերցնի, դա չլուսաբանի: Միշտ չէ, որ իմ կարծիքը, գնահատականները համընկել են դրա հետ, բայց թեմայի արծարծումը արդեն իսկ հիմք է, որ դրա մասին հանրությունը իրազեկվի», -շնորհակալագիրը Panorama.am-ի` իրավական թեմաները լուսաբանող լրագրող Հասմիկ Համբարձումյանին հանձնելիս, ասաց Հրայր Թովմասյանը:
Բացի շնորհակալագրից, լրագրողներին հանձնվեցին նաև դատապարտյալների ձեռքով պատրաստված հուշանվերներ:
Շնորհակալագրեր ու հուշանվերներ ստացան նաև «Hetq.am», «Iravaban.net» լրատվական կայքէջերի, «Առավոտ», «Ժողովուրդ» թերթերի, Armnews հեռուստաընկերության խմբագրակազմերը, Ցմահ դատապարտվածների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության ու Սախարովի անվան հիմնադրամի ներկայացուցիչները: