Ռ. Կիրակոսյան. ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է լինի ավելի նախաձեռնող
Անցնող տարում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջին առաջնահերթությունը հարաբերություններն են ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ, երբ Հայաստանն էականորեն բարելավել է հարաբերությունները ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի հետ: Միաժամանակ, հայ-ռուսական հարաբերությունները մնում են կայուն, և Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ի անդամ պետություն, ավելի կարևոր է դարձել: Այս մասին, ամփոփելով 2012 թվականի արտաքին քաղաքական ձեռքբերումները, ասաց քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
«Անցնող տարվա ևս մեկ հետաքրքիր միտում կապված է հայ-թուրքական հարաբերությունների հետ, որտեղ Հայաստանը դեռևս շարունակում է ուժեղ դիրքերում մնալ, որովհետև բոլոր սպասումները և ակնկալիքները շարունակում են մնալ Թուրքիայի վրա»,- նշեց բանախոսը:
Նրա խոսքերով` հաջորդը հայ-վրացական հարաբերություններն են, հատկապես Վրաստանում նոր կառավարության ընտրությունից հետո: Հաշվի առնելով Վրաստանի կառավարության բնույթը, Հայաստանն ունի հնարավորությունը` լինել ավելի կանխատեսելի, երևալ ավելի փորձառու և ավելի կայուն:
«Չորրորդ միտումը վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին, որտեղ Հայաստանը պետք է բավականաչափ զգույշ լինի Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու հարցում: Իսկ հինգերորդ միտումն Ադրբեջանն է, երբ մի կողմից մենք կարող ենք շատ խոսել Ադրբեջանի մասին, բայց միաժամանակ զեկուցելու շատ քիչ բան կա,- հավելեց Ռ. Կիրակոսյանը:
Նրա խոսքերով` ԼՂ կարգավորման գործընթացում քիչ բան է փոխվել, բայց փոխություններ է կրել հենց Ադրբեջանը: Այն դարձել է ավելի անխոհեմ և ավելի անկանխատեսելի, իսկ նրա քաղաքականությունը` ինքն իրեն վնասող: Բաքվում մարդասպանի ներումը, գովաբանումը և առաջխաղացումը նվեր էր ուղղակի Հայաստանի համար: Դա սեփական վարկը վնասող քայլ էր Ադրբեջանի կողմից:
«Ընդհանուր առմամբ` նայելով անցյալ տարվան, ՀՀ արտաքին քաղաքականությունն ուժեղ դիրքերում է, սակայն Հայաստանն այդ ուժը պահելու համար պետք է լինի ավելի նախաձեռնող: Հայաստանի դիրքերն ամրացել են հենց Ադրբեջանի թույլ տված սխալների պատճառով»,- հավելեց քաղաքագետը: